Ժամանակ առ ժամանակ մեր պատմության վճռորոշ պահերին ի հայտ են եկել անհատներ, ովքեր, տոգորված ազգայինով, իրենց փրկարար կամքն են պարտադրել շրջապատին եւ մեկ անգամ եւս ապացուցել աշխարհին հայ կամքի ամենազորությունը: Իհարկե, նրանցից շատերը չգնահատվելով ու չհասկացվելով ժամանակակիցների կողմից՝ սերունդներին ներկայացվել են մտացածին ձեւերով, հակառակ կողմից: Նույն բախտին արժանացավ եւ Արշակունի Պապը: Ժամանակի պատմագրությունը նրան վերագրեց բազում արատներ: Սակայն, հարցին ավելի լուրջ մոտենալու պարագայում դժվար չէ համոզվել, որ արատավոր բնորոշումները չեն համապատասխանում Պապի անձին, կեղծիք են ու սադրանք եւ, չնայած երիտասարդ տարիքին, նա առնական տղամարդ եւ ազգային մտածողությամբ խորաթափանց թագավոր էր: Պապին փնովողները կրոնականներն էին, որոնց նա զրկել էր մի շարք արտոնություններից…
468թ. պարսից Շապուհ արքայի խարդավանքներին ու հայ նախարարների բանսարկություններին զոհ գնացած հայոց Արշակ Բ-ից հետո երկիրը արհավիրքների առջեւ էր: Գահին հավատարիմ մի խումբ այրերի հետ պարսիկներին դիմադրություն ցույց տալուց հետո, ի վերջո, Արշակի այրի Փառանձեմը գերի ընկավ եւ, անարգվելով պարսիկների կողմից, մահացավ Տիզբոնում: Երկիրն սկսում էր ենթարկվել պարսից զորքերի անպատիժ ասպատակություններին, կործանվում են բազմաթիվ քաղաքներ, բնակչության հոծ զանգվածներ տարվում են գերության: Այդ պայմաններում շարունակվում է անհաշտ, պառակտիչ պայքարը հունասեր եւ պարսկասեր խմբավորումների միջեւ: Հայկական մի շարք ծայրամասային գավառներ անջատվում են Հայքից եւ միացվում են Պարսկաստանին:
…Համատարած այս հուսալքության պահին էր, որ ասպարեզ իջավ Պապը՝ պետական մտածողությամբ մի գործիչ, ով իր վարքով ապացուցեց, թե աղիողորմ լացն ու օտարաշունչ աղոթքը չէ, որ փրկելու են մեզ, այլ համառ ու անզիջում պայքարը՝ հանուն անկախության, հանուն ազգային վերածննդի:
Պապը որդին էր Արշակ Բ-ի եւ Փառանձեմ թագուհու. վերջինս Սյունյաց Անդոկ իշխանի դուստրն էր եւ մեծապես ազդել է Պապի դաստիարակության վրա: Հայոց պետությանը հավատարիմ եւ զուտ հայկական արժեքներով ապրող այդ թագուհին որդուն դաստիարակել էր նախնյաց բարքերով ու հավատով: Հետագայում կղերական պատմիչ Փավստոս Բուզանդը, Պապի մասին գրելիս պատմում է, թե Փառանձեմը մանկուց որդուն նվիրեց դեւերին: Ավելորդ չէ ասել, որ եկեղեցին դեւեր էր անվանում Հայոց հին Աստվածներին:Վերոհիշյալ կարծիքի վկայությունն է եւ այն, որ Պապի սպանությունից հետո հրավիրված հայ մեծամեծերի ժողովը որոշում է թե՝ քանի որ սպանվածը մի հեթանոս արքա է, ապա նպատակահարմար չէ նրա պատճառով թշնամանալ քրիստոնյա կայսեր հետ: Այսպես հայ եկեղեցին մշտապես իր շահը գերադասել է Հայոց ազգային ու պետական շահից…
Դեռեւս Արշակ Բ-ի կենդանության ժամանակ Պապն ուղարկվում է Բյուզանդիա՝ կրթություն ստանալու: Սակայն, օտար միջավայրը չի ազդում ազգային արմատներից սնված պատանու վրա: Նրա հունական փայլուն կրթությունն ու գիտությունների իմացությունը երբեք չվերածվեցին հունասիրության: Մոր կողմից ստացած ազգային դաստիարակությունն ու բնատուր տաղանդն էլ պայմանավորեցին պատանի արքայի ամբողջ գործունեությունը, կարճ, բայց փառահեղ կյանքը:
Ձիրավի ճակատամարտից հետո (371թ.) ամրապնդվելով գահին՝ Պապը եռանդուն միջոցներ ձեռնարկեց երկրի հզորությունը վերականգնելու ուղղությամբ: Ցուցաբերելով պետական ու ազգային գործչի փայլուն ունակություններ՝ կարճ ժամանակամիջոցում Պապը հայկական զորքերի թիվը հասցնում է շուրջ 90 հազարի: Դա հնարավորություն է ընձեռում վերականգնել երկրի բնական սահմանները: Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական զորքերը վերագրավում եւ Հայկական թագավորությանն են միացնում Արշակի օրոք Հայաստանից խլված տարածքները: Բյուզանդացիների օժանդակությամբ անցնելով իշխանության գլուխ՝ Պապը, սակայն, չդարձավ Բյուզանդիայի կամակատարը, որպիսին ձգտում էին նրան տեսնել եկեղեցին եւ հունասերների խմբավորումը: Հայրենապաշտ արքան, ի տարբերություն իր նախորդների, շատ լավ էր հասկանում, որ տարբերություն չկա պարսկական եւ բյուզանդական տիրապետությունների միջեւ, եւ վարում էր միանգամայն անկախ քաղաքականություն:
շարունակելի...
No comments:
Post a Comment