ՀԱՅԵՐ!!!

Apr 11, 2011

ԱՆՏՈՆԻՈ ԳՐԱՄՇԻԻ «ՀԵԳԵՄՈՆԻԱՅԻ (ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ) ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ» <վերջին մաս>

Գրամշիի հեգեմոնիայի տեսությունը զարգացրել են շատ հեղինակներ: Դրա հիման վրա նույնիսկ դասագրքեր են գրվել, օրինակ` Ջոն Շարփի «Դիկտատուրայից դեպի դեմոկրատիա» աշխատությունը: Այս աշխատությունը օգտագործվել է հետխորհրդային տարածաշրջանի հեղափոխությունների ժամանակ: Վերոնշյալը Գրամշիի մի քանի գաղափարների կարճ շարադրանքն էր: Այդ գաղափարների ճշմարտացիությունն ապացուցվում է աշխարհում տեղի ունեցող մի շարք փոփոխությունների մեկնաբանությամբ: Ս.Գ. Կարա-Մուրզան օրինակ է բերում Հնդկաստանի Ազգային կոնգրեսի ռազմավարությունը՝ Հնդկաստանը գաղութատիրությունից ազատելու հարցում: Հազարավոր «փոքր գործերով ու բառերով» կուսակցությունը հեգեմոն դիրքեր գրավեց հասարակության «մշակութային միջուկում»: Անգլիացիները և պրո-անգլիական դասակարգն անկարող էին այլևս դիմակայել: Նրանք ամբողջությամբ կորցրին հասարակության համաձայնությունը տիրող կարգերը պահպանելու հարցում:
Գրամշիի հեգեմոնիայի քայքայման տեսության տրամաբանությամբ իրականացվեց ԽՍՀՄ գերիշխանության քայքայումը 1970-80-ականներին: Իսկ գործիք հանդիսացան «սամիզդատը», արևմտյան ռադիոկայանները, անեկդոտները, զանգվածային երաժշտությունը և այլն:
Կարելի է ենթադրել, որ այս նույն տրամաբանությամբ 1960-ականներից սկսած
հայ հասարակության «մշակութային միջուկում» սկսեցին ձևավորվել և զարգանալ Հայաստանի ազատագրման, ազգային արժեքների զարգացման և պահպանման գաղափարները: Հետևանքը եղավ 1960-ականներից մինչև 80-ականների վերջը տևած ազգային գաղափարական զարթոնքը, որն իր էությամբ հակազդում էր Խորհրդային Միության շահերին, բայց քանի որ բացահայտ հեղափոխական բնույթ չէր կրում, այլ ընթանում էր «փոքր մտքերի և գաղափարների» մակարդակում, միշտ չէ, որ ԽՍՀՄ-ը դրան ակտիվ հակազդում էր: Այս ամենն ավարտվեց 1980-ականների վերջի և 90-ականների սկզբի համազգային պոռթկումով, երբ արդեն կտրուկ քայլերի և գործողությունների ժամանակն էր: Այստեղ մտավորականությունն արդեն դիրքերը զիջեց նոր դասակարգի քաղաքական գործիչներին:
Դեպքերի նմանատիպ զարգացում տեղի ունեցավ գրեթե ողջ ԽՍՀՄ տարածքում: Մի դեպքում դա ընթանում էր ազգային արժեքների զարգացումով, մյուս դեպքում` արևմտյան արժեքների (դեմոկրատիա, շուկայական հարաբերություններ, մարդու/ազգերի իրավունքներ, խոսքի ազատություն և այլն) և մշակույթի տոտալ գրոհով, որն արմատապես փոխեց «խորհրդային» մարդու աշխարհայացքն ու «մշակութային միջուկը»: Այս ամենն ավարտվեց իշխող դասակարգի տապալումով և նոր հեգեմոնիայի կազմավորմամբ:
Պարզ է, որ այս գործընթացները չէին զարգանում առանց ԽՍՀՄ հակառակորդ պետությունների աջակցության:
Կարա-Մուրզան գրում է, որ Գրամշիի տեսության տրամաբանությամբ է ընթացել սոցիալիստական ուժերի հեգեմոնիայի տապալումն Արևմտյան Եվրոպայում11: ԱՄՆ-ում գրվել են դիսերտացիաներ թատրոնի դերի մասին՝ այդ երկրների «մշակութային միջուկի» կործանման գործում: Օրինակ, ուսումնասիրվել են ԳԴՀ-ում հայտնի՝ Հեյներ Մյուլլերի պիեսները. նա իր առջև նպատակ էր դրել «պատմության քայքայումը սկզբից»: Դա սոցիալական ինստիտուտների քայքայման տիպիկ օրինակ է: Գրամշին նշում է, որ մոլեկուլյար մակարդակում հասարակության «մշակութային միջուկն» ու նրա աշխարհայացքը փոխելու և հեղափոխության համար նախապայմաններ ստեղծելու վրա անհրաժեշտ է ծախսել տասնամյակներ, նույնիսկ հարյուրամյակներ, սակայն պետք է նկատել, որ ժամանակակից ԶԼՄ տեխնոլոգիաների միջոցով այդ ժամկետը կարելի է զգալիորեն կրճատել:
Այսօր հայաստանյան հեռուստաեթերը ողողված է արտասահմանյան ֆիլմերով, ամենահեղինակավոր հաղորդումների ֆորմատները, դրանց հեռարձակման իրավունքը գնվում են Արևմուտքից, ամսագրերն ու թերթերը լի են արևմտյան տարբեր ոլորտների գործիչների անձնական կյանքի մանրամասներով, սպառողականության ու նյութապաշտության քարոզով, գերիշխում է արևմտյան զանգվածային մշակույթը:
Ինչի՞ են պատրաստում մեր հասարակության «մշակութային միջուկը»: 

    Վահրամ Միրաքյան

No comments: