ՀԱՅԵՐ!!!

Apr 11, 2011

ԱՆՏՈՆԻՈ ԳՐԱՄՇԻԻ «ՀԵԳԵՄՈՆԻԱՅԻ (ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ) ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ» <մաս երկրորդ>

Հեղափոխության գլխավոր պայմանն այդ «մշակութային միջուկի» կոլեկտիվ կամքի խախտումն է: Գրամշին նշում է, որ այս ամենին պետք է հասնել տարիների ընթացքում՝ «մոլեկուլյար» մակարդակում մարդկանց գիտակցության վրա ազդելով: Ազդել պետք է մարդկանց առօրյա, «փոքր» մտքերի վրա, և ազդեցության ամենաարդյունավետ ձևը նույն գաղափարներն անընդհատ կրկնելն է, որպեսզի մարդիկ այն ընդունեն ոչ թե գիտակցությամբ, այլ ուղղակի հավատան դրանց: Ըստ Գրամշիի՝ հեգեմոնիայի քայքայումը մոլեկուլյար գործընթաց է: «Նման ագրեսիան ինչ-որ ճշմարտության հայտնագործում չէ, որը հեղափոխություն կկատարի մարդկանց գիտակցություններում. հսկայական քանակի գրքեր, բրոշյուրներ, ամսագրային և լրագրային հոդվածներ, խոսակցություններ ու վեճեր են, որոնք անվերջ կրկնվում են և իրենց հսկայական միակցումով ձևավորում են երկարաժամկետ աշխատանք: Դրանից էլ ծնվում է համապատասխան մակարդակի կոլեկտիվ կամքը, այն մակարդակի, որն անհրաժեշտ է գործողությունների արդեն արագ, ուղղորդված օպերացիաների միջոցով նպատակին հասնելու համար»:
Գրամշին նշում է, որ հեգեմոնիայի չի կարելի հասնել առանց դաստիարակչական գործունեության: Հեգեմոն դասակարգը ինքնադաստիարակվում է և իր հետ դաստիարակում է իր գործընկերներին: Այս ընթացքում բարոյական արժեքների հետ մեկտեղ փոխվում է նաև մարդկանց աշխարհայացքը: Միևնույն ժամանակ Գրամշին նշում է, որ հեգեմոնիան և դաստիարակությունը չեն ձևավորվում ինքնաբերաբար. դրա համար անհրաժեշտ են դաստիարակողներ և կազմակերպիչներ: Այդ պարտականություններն իր վրա է վերցնում մտավորականությունը, իսկ համապատասխան պատմական պահին նաև՝ քաղաքական գործիչները:
Գրամշին շեշտում է, որ իշխանությունը ֆիզիկապես վերցնելը բավական չէ, հասարակությանը համոզելը, նրա համաձայնությունը ստանալն ավելի կարևոր է: Պետության կայունությունը կախված է ուժից և ժողովրդի համաձայնությունից: Գրամշին նաև շեշտում է, որ հեգեմոնիան չի կարող տնտեսական չլինել: Ըստ նրա՝ տնտեսությունը հասարակության կմախքն է, իսկ գաղափարախոսությունը` մաշկը:
Իտալացի փիլիսոփան մի ամբողջ տեսություն է մշակել հասարակության մեջ մտավորականության դերի վերաբերյալ: Մտավորականության գլխավոր հասարակական նշանակությունը ոչ թե մասնագիտականն է (ինժեներ, գիտնական, հոգևորական և այլն), այլ գաղափարախոսություն ստեղծելն ու տարածելը, այս կամ այն դասակարգին հեգեմոնիա տալը կամ դասակարգը քայքայելը: Այս ամենի հետ մեկտեղ, մտավորականությունը գնում է այն ուղղությամբ, որտեղ կա փող, դառնում է այն դասակարգի գաղափարախոսը, որն իշխանություն ունի տնտեսության ոլորտում:
Գրամշին նշում է, որ հեգեմոնիայի չի կարելի հասնել առանց տնտեսական իշխանության, սակայն տնտեսական իշխանությունը տվյալ դասակարգին ինքնաբերաբար հեգեմոնիա չի երաշխավորում: Առանց համապատասխան ակտիվության՝ հոգևոր, մշակութային ոլորտում այն կարող է չիրականանալ, կամ էլ իրականանալ կիսով չափ: Իսկ հոգևոր, մշակութային ոլորտում ակտիվության ստեղծման գործիքն է մասս-մեդիան: Հեգեմոնիան չի առաջանում ինքնուրույն և չի կարող գոյություն ունենալ առանց պայքարի:
Հեգեմոնիայի պահպանության համար բացի մասս-մեդիայից պայքարում են դպրոցները, համալսարանները, ինստիտուտները և այդ ամենից հետո ինտելեկտուալ դիմադրության հնարավորություն գրեթե չի մնում:
Գրամշին հեգեմոնիայի հիմնական խնդիրն է համարում անտեսանելի, «շարժական հավասարակշռությամբ» իշխելը՝ ժամանակավորապես իշխող տարբեր դասակարգերի միջոցով, օգտագործելով «առանց բռնության ստիպելու» տեխնոլոգիան, հիմնվելով ժողովրդական կամ զանգվածային մշակույթի վրա. այնպես, որ մարդկանց ուղեղների «լվացումը» տեղի ունենա իրենց կամքին հակառակ և միևնույն ժամանակ իրենց համաձայնությամբ: Հեգեմոնիային հասնելու մեթոդներից, ըստ Գրամշիի` ինտելեկտուալ, կրթական բարեփոխումներ իրականացնելն է: Իսկ երբ իշխող, հեգեմոն դասակարգի ճգնաժամը հասունացել է, արդեն պետք է գործել կտրուկ, պատերազմական, շոկային մեթոդներով: 

  <շարունակելի>

No comments: