Պետության սահմաններն ամրապնդելուն զուգընթաց, Պապը ձեռնամուխ է լինում մի շարք կարեւոր վերափոխումների: Լավ հասկանալով գոյություն ունեցող եկեղեցական համակարգի վնասակարությունը պետության համար՝ Պապն առաջին հայ արքան էր, որ խարխլեց այդ համակարգի տնտեսական եւ, հատկապես, քաղաքական հզորությունը: Նա կրճատեց վանականների թիվը՝ նրանցից առողջներին պարտադրելով ռազմական ծառայություն: Վերացվեցին վանականներին տրվող բազմաթիվ արտոնություններ: Պապը փակել տվեց Ներսես կաթողիկոսի հիմնած միաբանություններն ու աղքատանոցները, որոնք "քամում” էին պետության միջոցները եւ լցված էին ձրիակերներով: Վերացվեցին կուսանոցները. բոլոր կույսերին Պապը ամուսնացրեց՝ մեծապես նպաստելով հայության բազմացման գործին: Եկեղեցուց խլվեցին դրա կալվածքների մեծ մասը, վերացվեցին բնակչությունից գանձվող տասանորդն ու պսակի հարկը: Շնորհիվ վանքապատկան հողերի կրճատման, հնարավոր դարձավ մեծացնել պետական եկամուտները եւ դրանք ծախսել բանակի ու այլ կարիքների համար:
Հասկանալի է, որ խարխլելով եկեղեցու հզորությունը, Պապը չէր կարող գովերգվել կրոնականների ու նրանց պատմիչների կողմից: Դաշնակցելով Պապի անկախ քաղաքականությունից դժգոհ հունասեր խմբավորման հետ՝ եկեղեցին, համակված կղերական ատելությամբ, սկսեց կատաղի, անհաշտ ու վարկաբեկիչ պայքար հայոց արքայի դեմ: Պապին վերագրվեցին ամենաստոր, անասնական արատներ: Հետագայում՝ Փավստոս Բուզանդը (իհարկե կղերականների պատվերով) Պապին մեղադրում էր համասեռամոլության, անպարկեշտության մեջ: Եվ միջոցների մեջ խտրություն չդնելով՝ հայ եկեղեցին սերունդների առջեւ Պապին "դարձրեց” անբարոյական, Նեռ ու մարդասպան հրեշ: Սակայն Պապի ժամանակակիցներից ոմանց (նաեւ Փավստոս Բուզանդի) տեղեկություններից էլ դժվար չէ կռահել այդ բանսարկությունների բուն նպատակը…
Պապի դեմ այս քարոզարշավն ավելի կատաղի բնույթ ստացավ Ներսես կաթողիկոսի մահից հետո (372թ.): Առիթը չկորցնելով՝ եկեղեցին Պապին մեղադրեց կաթողիկոսին թունավորելու մեջ: Մերժելով հունասերների առաջադրած թեկնածուին՝ Պապն անմիջապես կաթողիկոս նշանակեց Աղբիանոսի տոհմից Հուսիկին: Սա պատահական չէր: Բուն հայկական ծագում եւ քրմական անցյալ ունեցող այս տոհմը բոլոր ժամանակներում օժանդակել է հայկական պետականության հզորացմանը:
Բացառություն չէր եւ Հուսիկը, ով նույնպես նվիրված էր Հայոց պետությանը, Պապին: Փոխանակ Հուսիկին ուղարկելու Կեսարիա, որտեղ միշտ ձեռնադրվել են հայ կաթողիկոսները, Պապը նրան ձեռնադրեց տեղում: Դրանով Պապը մի անգամ եւս ցույց տվեց անկախ պետություն ստեղծելու իր կամքը: Այս քայլով նա բացառեց հայ եկեղեցու կախումն Արեւմուտքից: Սակայն հայ եկեղեցին ազգայնացնելու Պապի ջանքերը ցավագին ընդունեցին հունասերներն ու հուդա-քրիստոնեական եկեղեցականների մեծ մասը: Քաղաքական տհասությունը, ազգային մտածելակերպի բացակայությունն ու օտարահակությունը խանգարում էին նրանց հասկանալու պատանի արքային, եւ ծայր առավ մի դավադրություն, որի կազմակերպման գործում խառն էին թե՛ եկեղեցին, թե՛ մեծ թվով քրիստոնյա ազնվականներ (հետո էլ մեղադրում ենք կաթոլիկ եկեղեցուն հերետիկոսության ու դավադրություններ կազմակերպելու մեջ…):
շարունակելի...
No comments:
Post a Comment