ՀԱՅԵՐ!!!

Apr 3, 2011

Պապ թագավոր. Նրա կառավարման ձեւն այսօր էլ պետք է. /վերջին մաս/

 Այն ժամանակ, երբ Պապի դիվանագիտական համառ ջանքերի շնորհիվ Բյուզանդիան դուրս էր բերելու Հայաստանի արեւմտյան մասերից իր կայազորները, վերոհիշյալ ուժերի դրդմամբ, Հայաստանում բյուզանդական զորքերի հրամանատար Տերենտիոսն առաջարկեց կայսրին՝ պատժել Պապին: Պապը խաբեությամբ հրավիրվեց Տարսոն, բայց արդեն այնտեղ, ճիշտ ժամանակին հասկանալով կայսեր նենգ մտադրությունը՝ ձերբակալել իրեն, փախուստի դիմեց եւ անվտանգ հասավ հայրենիք: Սակայն, նրա թշնամիները չէին դադարում գործել: Տերենտիոսին այստեղ փոխարինած Տրայանոսը, խաբեությամբ Պապին հրավիրելով խնջույքի, դավադրաբար սպանեց նրան:

  …Այս սպանությանը նախապես տեղյակ էին շատ հայ իշխաններ, կրոնականներ: Սակայն, տեղին չէ սպարապետ Մուշեղին մեղադրել այս հարցում, ինչպես պատմում է Փավստոս Բուզանդը: Չպետք է մոռանալ, որ նա եղավ պապի գլխավոր դաշնակիցը անկախ պետականություն ստեղծելու ճնապարհին, եւ նա էր, որ նախատում էր Պապին հաջորդած հունասեր արքա Վարազդատին՝ իր քաղա-քականության համար, ինչի համար եւ սպանվեց: Մանկությունից մեծանալով Պապի հետ՝ իրենց համատեղ գործունեության ամբողջ ընթացքում Մուշեղ սպարապետը ապահովեց Պապի քաղաքականության ռազմական հիմքը: Եվ, հավանաբար, հայրենանվեր ռազմական գործչի անունը եկեղեցական պատմիչը նույնպես փորձել է օգտագործել Պապի դեմ: 

   Այսպես ցավալիորեն ավարտվեց կարճ, բայց հայրենանվեր կյանքը պատանի արքայի, որ Հայաստանի քրիստոնեացումից հետո եղավ հայոց ամենասթափ ու անկախ պետական այրը, երբեք չընկավ տերեր փնտրող այս կամ այն հոսանքների ազդեցության տակ եւ, զսպելով բոլոր կենտրոնախույս ուժերին, կարճ ժամանակում Հայաստանը կրկին դարձրեց տարածաշրջանի ազդեցիկ երկրներից մեկը: Իրոք, Հայաստանը կարոտ էր Պապի կարգավորող ու վճռական ձեռքին եւ մեծապես տուժեց նրա սպանությունից հետո: 

   Պապ արքայի մեջ զուգորդված էին բնածին խելքն ու կազմակերպչական մեծ ընդունակությունները, սառը դատողությունն ու վճռականությունը, որոնք նա անմնացորդ նվիրաբերեց հայոց պետականության հզորացման գործին: Նա եկավ ապացուցելու, որ "այնտեղ է լոկ սխրանքն սկսվում, ուր վերջանում է ամեն մի հնար”: Եվ սրա համար պարտական ենք այն հայեցի դաստիարակությանը, որ տրվեց Պապին իր մոր կողմից: 

    Ազգային դաստիարակությունն էր, որ Պապի մեջ սերմանեց աննպաստ միջավայրի ու ճակատագրի դեմ կռվելու կամք եւ իր փառահեղ նախնիներին հավատարիմ մնալու շնորհ:

    Այսօր էլ կարիք ունենք Պապ թագավորի նման պետական ղեկավարի, ով ապազգային ու կրոնական խարդավանքներից զորավոր կգտնվի ու ազգային արմատներին, հավատին հենվելով կվերածնի Հայոց Հայրենիքը: 

Հայկ Թորգոմյան

No comments: