ՀԱՅԵՐ!!!

Showing posts with label Հայ. Show all posts
Showing posts with label Հայ. Show all posts

May 16, 2011

ՀԱՅԵՐԻ ԵՐԴՈՒՄԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ


-Երդվի՛ր,
Որ մինչ նախնյացդ հողին հանձնելը,
Հուշն իրենց կերոն չես թողնի հանգչի:
-Երդվում եմ...

-Երդվի՛ր,
Որ ալ արյանդ վերջին կաթիլը,
Կտաս հանց մեռոն հողիդ, երբ կանչի:
-Երդվում եմ...

-Երդվի՛ր,
Որ մինչ հայրերիդ հողն ազատելը,
Ո՛չ հանգիստ, ո՛չ քուն դու չես ճանաչի:
-Երդվում եմ...

-Երդվի՛ր,
Որ հզոր երկիր նորից կերտելը,
Հսկելն օրնիբուն պարտքն է քո աջի:
-Երդվում եմ...

-Երդվի՛ր,
Որ սուրբ օջախիդ ծուխը պահելը,
Պահպանելն արթուն լոյսն է քո աչի:
-Երդվում եմ...

-Երդվի՛ր,
Որ նոր սերնդիդ Արի կրթելը,
Մեծացնելն անթույն լույսն է քո աճի:
-Երդվում եմ...

-Երդվի՛ր...
-Երդվում եմ
Արևով արյան, որ տերն եմ Հայ Տան`
Կամքով իմ խղճի, սրտովն Արարչի:

-ԵՐԴՎՈւՄ ԵՆՔ...

Apr 3, 2011

Վա՜յ նրան, ով տկարություն ցույց տվեց. մա՛հ է:

 Անտառում  նեղ ու դարձդարձիկ ճամփաների վրա երես առ երես իրար կհանդիպեն առյուծն ու վագրը: Նրանք կանգ կ՛առնեն, գետնին մխվածի պես, մարմինները կծկած ետեևի երկու ճկուն ոտների վրա, պատրաստ ոստյունի: Ճիրանները դուրս, մազերը փշաքաղ, բերանաբաց, ամեն մեկը կամենում է զարհուրելի ծամածռություններով ահաբեկել, սրտաթափ դարձնել հակառակորդին եւ խեղդել...Անսահման զգուշությամբ, մեկը - միաժամանակ եւ մյուսը - իր մի ոտը շարժում է քիչ ետ: Քիչ անց, անաղմուկ և կամաց, նույնն են կատարում մնացած ոտները: Եվ, գրեթե աննկատելի՝ հակառակորդի համար, միաժամանակ հեռանում են իրարից: Սակայն, միշտ երես առ երես, մինչև որ երկուստեք նահանջը նրանց միջի տարածությունը կդարձնի ավելի մեծ, քան պետք է մի  հանկարծական և դավադիր ոստյունի համար: Այլևս հակառակորդները դարձնում են իրենց թիկունքները, վերստանում իրենց բնական կեցվածքը, և,  քաշվելով իրենց թագավորության սահմաններից ներս, կորչում են անտառի մեջ:
* * *
Նույնը, գրեթե նույն բանն է կատարվում և ազգերի կյանքում, երբ նրանք երես առ երես և սպառազեն հանդիպում են իրար, իրենց երկրի սահմանագլխին:
Վա՜յ նրան, ով տկարություն ցույց տվեց. մա՛հ է:
Վա՜յ նրան, ով անկարող եղավ անթարթափ ու շեշտակի նայելու հակառակորդի աչքի մեջ. մա՛հ է ստույգ:
Կորած է այն կողմը, որ անզօր է սարսափ ազդելու, ավելին՝ ավելի սարսափելի լինելու, քան հակառակորդը:
 Հա՛յ երիտասարդություն, վաղը, երբ թրքությունը փորձեց պղծել Հայրենիքիդ սահմանների սրբությունը, պիտ կարողանա՞ս ավելի սարսափելի լինել, քան թշնամին: Պիտ կարողանա՞ս վագրային կեցվածք ցուցադրել:
Պատասխանի՛ր, պիտ կարողանա՞ս...