ՀԱՅԵՐ!!!

Apr 11, 2011

ԱՆՏՈՆԻՈ ԳՐԱՄՇԻԻ «ՀԵԳԵՄՈՆԻԱՅԻ (ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ) ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ» <մաս առաջին>

Անտոնիո Գրամշիի «Գերիշխանության տեսությունը» շատ դեպքերում հանդիսացել
է տեղեկատվա-հոգեբանական ազդեցության մշակման հիմք: Շուրջ կես դար է, ինչ աշխարհում
ոչ մի հեղափոխություն տեղի չի ունենում առանց Անտոնիո Գրամշիի «Գերիշխանության տեսության»
կիրառման: Գրամշին ստեղծել է այն 1920-ականների վերջին, նացիստական բանտում գտնվելու
տարիներին: «Գերիշխանության տեսությունը» կիրառվում է ինչպես առանձին պետությունների
դեմ պայքարում, այնպես էլ գլոբալ մակարդակում:


Անտոնիո Գրամշին Իտալիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրն ու գաղափարախոսն էր: Նրա աշխատություններն ու գաղափարները տարածվել են ողջ աշխարհում և մինչ այժմ էլ լուրջ քննարկումների առարկա են: Ա.Գրամշին ծնվել է 1891թ., Սարդինիա կղզու Ալես գյուղում: Սովորել է դպրոցում, գիմնազիայում, լիցեյում, հետո՝ Թուրինի համալսարանում (1911-1915թթ.): Այստեղ նա մտնում է Իտալիայի սոցիալիստական կուսակցության շարքերը և սկսում զբաղվել լրագրությամբ: Հետագայում ընկերների հետ հիմնադրում է «Նոր կարգեր» շաբաթաթերթը, որտեղ արտահայտում էր իր գաղափարները: 1926թ. ֆաշիստները նրան ձերբակալում և բանտ են նստեցնում, որտեղից էլ ազատվում է 1934թ.՝ համաներումով, արդեն հիվանդ և մահանում է 1937թ.:
1929թ. նրան թույլատրում են գրել: Հետագայում նրա աշխատությունները տպագրվել են «Բանտային տետրեր» խորագրով: Առաջին անգամ լույս են տեսել Իտալիայում, 1948թ., հետագայում շատ անգամ վերահրատարակվել և թարգմանվել են տարբեր լեզուներով: Գրամշիի «Բանտային տետրեր»-ը մեծ ներդրում են փիլիսոփայության, քաղաքագիտության և մշակութաբանության զարգացման գործում: Գրամշիի տեսությունների վրա շատ արևմտյան վերլուծաբաններ են հիմնվում:
Կարծիք կա, որ 1973թ. Ն.Ռոքֆելլերի նախաձեռնությամբ ստեղծված «Եռակողմ հանձնաժողով»-ը, որի ղեկավարը դարձավ Զ.Բժեզինսկին, ռազմավարության հիմք ընդունեց Գրամշիի մեթոդաբանությունը: Սա աշխարհի ամենագաղտնի միջազգային կազմակերպություններից է և նրա մասին տեղեկությունները շատ հակասական են: Այն ունի մոտ 300 անդամ՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից և Ճապոնիայից: Նրա նպատակն էր ձևավորել նոր աշխարհակարգ, որը թույլ կտա անդրազգային կազմակերպություններին թափանցել աշխարհի բոլոր ծայրերը, հատկապես ֆինանսական և էներգետիկ համակարգեր:
Գրամշիի «Հեգեմոնիայի տեսությունը» մեծ ազդեցություն է ունեցել Արևմուտքում: Իր տեսությունը նա հիմնականում ձևակերպել է «Մի քանի խնդիրներ հարավային հարցից» հոդվածում: Այստեղ նա գրում է, որ մեկ դասակարգ ներկայացնող պետական իշխանությունը չի կարող գոյատևել միայն բռնությամբ, նրա երկրորդ հենակետը պետք է լինի մյուս դասակարգերի համաձայնությունը և այդ համաձայնությանը պետք է հասնել նախօրոք` հենվելով մշակույթի վրա:
Ըստ Գրամշիի՝ հեգեմոնիայի հենակետը պետք է լինի հասարակության «մշակութային միջուկը», որը կրում է բարու և չարի, աշխարհի և մարդու, գեղեցիկի և տգեղի մասին պատկերացումները, սիմվոլները, արժեքներն ու ավանդույթները: Քանի դեռ այս գաղափարները կայուն են, հասարակությունում կա «կայուն կոլեկտիվ կամք»՝ ուղղված տիրող կարգերի պահպանմանը, քանի որ մշակույթը միավորման հզոր գործոն է:
Գրամշին նշում է, որ պատմական գործողությունները կարող են իրականացվել միայն «կոլեկտիվ-մարդով», որը ենթադրում է հասարակության «մշակութային-սոցիալական» միավորում, որի ժամանակ տարբեր առանձին ցանկություններ և նպատակներ միավորվում են աշխարհի ընկալման մեկ ձևում: Կոլեկտիվ կամքը կդառնա գերիշխող, եթե այն դառնա «ժողովրդական կրոն»: Այսինքն՝ երբ այն կներծծվի տվյալ ազգի ազգային ինքնագիտակցությունում:
   <շարունակելի>

No comments: