ՀԱՅԵՐ!!!

Apr 17, 2011

ԼՈՈՒՐԵՆՍ ԱՐԱԲԱՑԻ. «ԱՅԴ ԱՆՀՆԱՐԻՆ ՀԱՅԵՐԸ» ՄԱՍ-4

(ՄԱՍ-4)    «Իմ այս հին ժողովուրդները,- ասաց նա,- կգնան որևէ տեղ, ուր աշխատավորներ կան` լուռ գործելու, հեզ կտառապեն` դրամ խմայելով, գործ անելով: Այո՛, նրանք այնպես են գործում, որ աշխատավորի մտքով անգամ չի անցնի: Նրանք գործում են այնպես, ինչպես միայն բիզնեսմենը կգործի` երկարատև, համառորեն` մոտենալով բաղձալի շահույթին: Բայց նրանք չեն աշխատի: Նրանք չեն կարող: Նրանք տանել չեն կարողանում աշխատավարձի համար աշխատելը: Դա բնազդ է նրանց մեջ, մի գիծ, ինտելեկտ, որ զարգացել է հաջողված ընտրասերումով, ինչպես որսորդության ուրույն գծեր ենք զարգացնում որսկան շների այս կամ այն ցեղերի մեջ: Նրանք իրենց արյամբ իսկ գիտեն, որ աշխատավարձով՝ անգամ բարձր, աշխատելն անօգուտ է, եթե ուզում ես հարստանալ: Ըստ աշխատավարձի սանդղակի կյանքը չի ենթադրում ո՛չ շահույթ, ո՛չ դրամագլուխ, ո՛չ առաջընթաց: Նրանք չեն էլ խոսում դրա մասին, դա շատ ակնհայտ է նրանց համար, նրանք այդպես են ապրում:
Նրանք իմաստուն են, ինչպես կարող է իմաստուն լինել հին մի ցեղ: Աչքները բանալուն պես նրանք տեսնում են ստեղծարար աշխատանքի անհեթեթությունը: Անելիքը միայն դիտելն ու սպասելն է` մինչև նյութական բարիքները կարտադրվեն, և հետո ինչ-որ կերպ դրանք արտադրողից ձեռք բերելը: Եվ նրանք գիտեն ինչպես անել դա, ինչպես կենդանին գիտի իր կենդանական գործը, և բույսն էլ գիտի իր բուսական գործը` բնազդով: Ուստի, կզբաղվեն բժշկությամբ, իրավաբանությամբ, ցանկացած այլ մասնագիտությամբ, որ բիզնեսի նման ձեռք է բերում այս կամ այն շահաբաժինը նյութական բարիքների ավարտված, վերջնական, դրոշմված ձևից այն բանից հետո, երբ հասարակ ժողովուրդն արդեն կստեղծի այդ: Բայց քրտինքով արդյունահանել հումքը և մշակելով վերածել շուկայական ապրանքների` ոչ: Հին ժողովուրդներն ատում են այդ, իսկ ձեր հայերը պարզապես չեն անի դա»: Նա լռեց` նայելով ինձ և տեսնելով, որ իրեն չեմ նայում, շարունակեց զեղել իր քարոզչության ևս մի չափաբաժին:
«Հայերը,- ասաց նա,- ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում` քաղաքակրթվածության տեսակետից»: Ես կրկին տվեցի իմ հովանավորյալի անունը: «Հրեանե՞րը,- կրկնեց նա:- Դուք արդեն ասել եք նրանց մասին, ես գոհ էի: Դա նշանակում է, որ իմ ասածից գեթ մի նշույլ ընկալում եք հին ցեղերի մասին: Հրեաներն ամենածանոթ օրինակն են հին, խորաթափանց, խելացի ժողովրդի, և, բնականաբար, նրանք բնազդորեն շահագործողներ են: Նրանք հակված են վաշխառության: Բայց նրանք կաշխատեն: Չեն հանդուրժում, բայց կարելի է նրանց աշխատեցնել: Եվ նրանք ստեղծագործող, հնարամիտ ու սենտիմենտալ են: Նրանց մեջ դեռ կան արվեստագետներ, փիլիսոփաներ, մարգարեներ: Նրանք անկատար են: Նրանք քաղաքակրթության անավարտ, կիսատ մնացած արդյունքն են:
Ես հասկանում եմ, թե ինչու են նրանցից վախենում և ատում, նրանք ցեղային տարեցության որոշ իմացական գերազանցություն ունեն: Բայց անհեթեթ է նրանց նույն ոգով դասել այն հին ժողովուրդների հետ, որոնց մասին խոսում եմ: Չէ՞ որ իմ հին ցեղերն իրենց երկրից դուրս են քշել հրեաներին: Հրեաները չեն կարող ապրել արաբների, սիրիացիների, եգիպտացիների հաշվին: Նրանք «ծաղկում են» Անգլիայում, հարստանում են Ֆրանսիայում ու Գերմանիայում և, իհարկե, Միացյալ Նահանգներում: Բայց չինացիներն, օրինակ, կուլ են տալիս հրեաներին, ինչպես կետ ձուկը փոքր ձկներին, այդպես են անում նաև արաբները, թուրքերը, հույները, իսկ ինչ վերաբերում է հայերին...»: «Հրեաները,- ասաց նա` շունչ քաշելով,- հրեաներն իրենք այնպես են վերաբերում հայերին, ինչպես հակասեմական եվրոպացիները հրեաներին, և ճիշտ նույն կերպ հույները, թուրքերը և մյուս բոլոր ցեղերը, որոնք երբևէ գործ են ունեցել հայերի հետ»:
«Նրանք զգում են, որ հայերը նրանց բոլորին կստիպեն աշխատել: Եվ այդպես էլ կա: Հայերն ունեն հրեաների բոլոր հատկանիշները և, բացի այդ, քրիստոնյաներ են»: Նա կանգ առավ` սպասելով, որ ինքս եզրակացություն անեմ, բայց քանի որ խայծը չէի կուլ տվել, շարունակեց` տալով ինձ ևս մեկ հնարավորություն: «Հայերը,- ասաց նա,- չպետք է ունենան Հայաստանը, բուն երկիրը: Նրանք չեն աշխատի նույնիսկ իրենց օգուտի համար: Ուզում են այդ հողերը, բայց միայն սեփականատերը լինելու համար: Մինչև իսկ զարգացման գործը կազմակերպելու համար չեն աշխատի նրանք: Արտոնագրությամբ վարձով կտան ուրիշներին:  
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

No comments: