Հայկական Բարձրաւանդակը Խաղաղականից մինչեւ Ատլանտեան Ովկիանիոս երկարող եւ ասիական ու եւրացամաքամասերի կենտրոնական մարզերն ընդգրկող «Մեծ Սարահարթ»-ի իւրաբնոյթ մի հանգոյցն է:
Գէոսոֆիական, աշխարհագրական եւ մարդաբանական տեսակէտներով, հսկայ այս սարահարթը ճակատագրական իր կնիքն է դրել բովանդակ աշխարհի բնութեան եւ պատմութեան վրայ:
Դա է մեր մոլորակի երկրաբանական դինամիկայի ամենահուժկու մարզը - հրաբխային ցնցումների, երկրաշարժերի մեծ գիծը:
Դա է Հին Աշխարհի «այրեցեալ» եւ «սառուցեալ» գօտիների բնական բաժանիչը, դա է ընդհանուր իմաստով ինքը` «բարեխառն» գօտին:
Դա է բնական օրրանը սպիտակ ցեղի: Դա է ընդհանուր կերպով իրարից բաժանում դեղինների եւ սեւերի ցեղաշխարհները:
Այս սարահարթում բացառիկ դիրք է գրաւում մեր երկիրը - Հայոց Աշխարհը:
Երկրաբանական ուժական տեսակէտով, Հայկական Բարձրաւանդակը Մեծ Սարահարթի կենտրոնական հնոցն է: Նա գտնւում է Մեծ Սարահարթի ծայրամասային հրաբխական երկու մարզերի - Ճաբոնական կղզիների եւ Իսլանդիայի - գրեթէ մէջտեղում:
Երկրաբանօրէն` նա աշխարհի ամենաերիտասարդ մի մասն է, որի բնական լինելիութիւնը դեռ շարունակւում է:
Աշխարհագրօրէն` նա ընդհանրապէս կենտրոնն է Մեծ Սարահարթի, որի արեւելքից արեւմուտք ձգւող լեռնապատերը ծայրամիտելով ու զօդւելով, կազմում են, իրարից գրեթէ հաւասար հեռաւորութեան վրայ ընկած, լեռնային երեք բաւիղներ - Կարակորում, Արարատ, Մոն-Բլան:
Դրանցից ամենամեծը - Հինդուկուշ-Պամիրի Կարակորումը - ունի ցայտուն ասիական բնութիւն եւ իր շուրջը համախմբում է Ասիան: Ամենից փոքրը - ալպեան Մոն-Բլանը - մարմնացնում է Եւրոպայի բնութեան առանձնայատկութիւնները եւ ընդհանրապէս ձեւացնում Եւրոպան: Սրանց մէջտեղում կարկառւում է հայկական Արարատը - բովանդակ աշխարհի ամենամեծ միազանգ կոնը - ուր մեղմանում են Կարակորումի խիստ եւ շեշտւում են Մոն-Բլանի մեղմ բնագծերը:
Միւս կողմից` Հայկական Բարձրաւանդակում Մեծ Սարահարթը խաչաձեւում են հիւսիսից հարաւ իջնող ա՛յն լեռները, որոնք որոշում են Եւր-Ասիայի եւ Աֆր-Ասիայի բնութիւնները:
Այս իրողութիւնները, շատ տեսակէտներով, կնքում են Արարատի շուրջը տարածւող Հայկական Բարձրաւանդակի բնանկարը, ինչպէս նաեւ պայմանաւորում իրերի տրամաբանութեան ազդեցութիւնը` այստեղ արտայայտութիւն ստացած պատմական հոլովոյթների վրայ:
Մեր բարձրաւանդակը ներկայացնում է մի բնամարզ, ուր համադրւելով` անճանաչելի դառնալու աստիճան կերպարանափոխւում են եւ հակադրուելով` սպառւելու աստիճան աղօտւում են զուտ եւրոպական, ասիական կամ Եւր-Ասիական ու Աֆր-Ասիական բնագծերը:
Հայաստանն այս բոլորի նկատմամբ ե՛ւ կամուրջ է, ե՛ւ վիհ: Նա ե՛ւ համաձուլում է այս բնագծերը, ե՛ւ դրանք բաժանում իրարից, ե՛ւ տարբերւում դրանցից:
Իր այսորակ տրոհական, միացուցիչ եւ անջատական դերն ու դիրքը` Հայաստանը պահում է նաեւ շրջակայ երկրամասերի նկատմամբ:
Հայաստան են թափանցում փոքր-ասիական եւ իրանական սարահարթերի եւ միջագետեան ու մերձ-կասպեան հարթաշխարհների որոշ բնագծերը: Մեր հայրենիքը մի մարզ է, ուր ինչպէս Լինչն է նկատում` «միանում են շրջակայ երկիրների բնական իրականութիւնները»:
Աշխարհի չորս կողմերից արշաւող այս «իրականութիւններ»-ը մէկ կողմից զիրար խաչաձեւելով կամ միմեանց դէմ մաքառելով երկրին տալիս են խայտանկարային մի պատկեր, միւս կողմից, իրար հակազդելով կամ ենթարկւելով Հայաստանի բնութեան իւրայատուկ քմահաճոյքին` սերտօրէն համաձուլւում են բնականի մի ամբողջականութեան մէջ:
Իր բնութեան ներձուլողական վիթխարի կարողականութեան շնորհիւ` մեր երկիրը ինքնարձանանում է իբր հակադիր բազմազանութեանց ներդաշնակումի իւրատիպ մի մարզ: Այս ինքնուրոյն ներդաշնակութիւնը մեր երկրին պարգեւում է ամբողջական ու միացեալ մի նկարագիր:
Արդէն իր յարաբերական բարձրութեամբ-500-1000 մետր - փոքր-ասիական եւ իրանական սարահարթների նկատմամբ, իր տանիքակերպ կարկառումով ընդդէմ Միջագետեան եւ մերձկասպեան հարթաստանների` Հայաստանն երկրաբանօրէն, աշխարհագրօրէն, կլիմայով եւ տնտեսապէս խստօրէն զատորոշւում է իր շրջապատից:
Մեր Բարձրաւանդակը հրաբխային մեծ կոների եւ հանգոյցների, փարթամօրէն ճիւղաւորւող զուգընթաց լեռնապարերի եւ աշխոյժ տարհովտումի մի աշխարհ է: Նա զուրկ է մեծ հարթավայրերից եւ ջրային ընդարձակ մակերեսներից: Նրա բնանկարը դիմորոշում են չափաւոր մեծութեան բարձրադիր հովիտները, պատշաճաւոր վեհութեան հասնող գագաթները, խոր կիրճերը, մանր լճերի ցանցերը եւ ոչ-հսկայահոս, բայց բազմաթիւ ու կայտառավազ ջրերակները:
Երկու բան, յատկապէս, խորհրդաւորում են մեր երկրի բնութիւնը - հրաբխային կոնը եւ աղբիւրը, որոնցից մէկի վեհութիւնը եւ միւսի քաղցրութիւնը միայն Հայաստանում կարելի է տեսնել եւ զգալ:
Խտացնելով ասենք.
ա) Հայկական Բարձրաւանդակը ներկայացնում է Մեծ Սարահարթի երկրաբանական ուժականութեան կենտրոնական մարզը:
բ) Նա գտնւում է մի կողմից եւրոպական եւ ասիական բնութիւնները մարմնացնող Ալպերի եւ Պամիրի, միւս կողմից` Աֆր-Ասիան եւ Եւր-Ասիան կերպարանաւորող Եթովպիական Բարձրաւանդակի եւ Ուրալի միջեւ:
գ) Իր բնական առանձնայատկութիւններով` նա տարբերւում է աշխարհագրական բոլոր այս միջավայրերից:
դ) Արեւելքից արեւմուտք նա իրար է կցում իրանական արիների եւ արմենօիդ-դինարեան-ալպեան ցեղի հայրենիքները, հիւսիսից հարաւ` նա միմեանցից բաժանում է զուտ կովկասեան եւ միջերկրականեան ցեղերի, մանաւանդ մոնգոլների եւ սեմական ժողովուրդների աշխարհները:
Այս ասել է.
ա) Երկրաբանական իմաստով մեր երկիրը հաւասարապէս պատկանում է ե՛ւ Ասիային, ե՛ւ Եւրոպային:
բ) Իր բնութեամբ նա ո՛չ զուտ Ասիա է, ո՛չ Եւրոպա, ո՛չ մանաւանդ Աֆր-Ասիա (ուրիշ եզրով` Մերձաւոր Արեւելք), ո՛չ էլ Եւր-Ասիա:
գ) Իր աշխարհագրական դիրքով նա սահմանաւորում է Մերձաւոր Արեւելքը, որ սպառւում է Հայկական Տաւրոսի արտաքին պատերի տակ եւ Եւր-Ասիան, որ վերջանում է Հայկական Կովկասի հիւսիսային լանջերի առջեւ: Միւս կողմից նա իրար է զօդում Մեծ Սարահարթի ասիական եւ եւրոպական մասերը, որով` հանդիսանում է այս ցամաքամասերից մէկի ծայրը եւ միւսի` սկիզբը: Աշխարհագրական կոպիտ եւ միակողմանի հասկացողութեամբ միայն Հայաստանը կարելի է դասել ասիական երկրների շարքում: Երկրաչափական ըմբռնումով` նա ընկնում է Եւր-Ասիական եւ Աֆր-Ասիական գծի վրայ, բնութեամբ` նա աւելի Ալպերին է մօտ, քան Պամիրին, աւելի Բալկաններին, քան Իրանական Սարահարթին, Կովկասին, Լիբանանին եւ Միջագետքին:
Հայաստանն որոշ իմաստով միայն Ասիա է եւ որոշ` Եւրոպա. իրականում` նա ո՛չ նրան է պատկանում, ո՛չ սրան: Իր բնութեամբ եւ աշխարհագրական դիրքով նա յաւիտենական մի կռւախնձոր է Ասիայի եւ Եւրոպայի միջեւ, բայց նաեւ` բնական անհատականութեան ինքնատիպ մի մարզ, ցցւած ե՛ւ մէկի, ե՛ւ միւսի դէմ:
դ) Հայկական բարձրաւանդակի բնիկները չունեն ուղիղ գծի ցեղակցութիւն շրջակայ երկիրների ժողովուրդների հետ: Նման իրենց երկրի բնութեան, նրանք ցեղային մի գծով կապւում են Եւրոպային, միւսով` իրանական արիներին: Հայերը ցեղակիցներ ունեն, ազգակիցներ չունեն: Իբրեւ ազգութիւն մենք էլ մեր բարձրաւանդակի պէս մնացինք ինքնատիպ անհատականութիւն, Եւրոպայի եւ Ասիայի հակամարտ ազդեցութիւնների միջեւ, մերթ ընդվզեցինք երկուսի դէմ` միաժամանակ, մերթ նրա հետ եղանք, մերթ սրա, բայց ո՛չ մենք յաջողեցինք դրանց ծունկի բերել, ո՛չ էլ դրանցից մէկն ու մէկը կարողացաւ մեզ կլանել:
Այդ յաւիտենական պայքարը-պայքար աշխարհագրական իրականութիւնների, պայքար ցեղերի, հոգեբանութիւնների - այսօր ընթանում է մեզ համար աննպաստ պայմաններում:
No comments:
Post a Comment