Հայկական Բարձրաւանդակ եւ պատմական Հայաստան - միեւնոյն բաները չեն դրանք: Առաջինը զուտ բնա-աշխարհագրական ըմբռնում է, որով` բնօրէն որոշ ու անփոփոխ, երկրորդը` պատմա-ազգագրական, որով` ենթակայ սեղմումի եւ ընդլայնումի, ինչպէս ինքը` կեանքի յարափոփոխ հոլովոյթը:
Անցեալում մեր քաղաքական կեանքն ու ոյժն այնքան անկայուն եւ ելեւէջային են եղել, որ այսօր դժւար է առանց վերապահումի մատնանշել պատմական Հայաստանի սահմանները: Ո՛չ միայն օտարներն են յաճախ քաղաքականապէս մասնատել մեր երկիրը, այլեւ հայոց պետական դրօշը մերթ իր ազդեցութիւնը ծաւալելով (օրկ. Տիգրան Մեծի ժամանակ), մերթ վասալային մանրապետութեանց խորհրդանշան դառնալով (Արշակունիների անկումից յետոյ), մերթ տարագրւելով (Կիլիկեան շրջան), մերթ իսպառ չքանալով` պատճառել է այլազան սահմանագծումներ: Շփոթիչ դեր են խաղում նաեւ հին պատմիչների` հայերի Թրակիայից գալու եւ որոշ մարդա-պատմաբանների` հայոց փոքր-ասիական ծագման տեսութիւնները, որոնցից հետեւացւում է, թէ մեր ազգի նախօրորանը Փոքր Հայքն է: Հները պատմական Հայաստան ասելով` ընդհանրապէս հասկանում են Մեծ Հայքը եւ Փոքր Հայքը: Առաջինը մեր երկիրն ուսումնասիրող գերմանացի գիտնականների «Հայկական Բարձրաւանդակ» անւանած աշխարհագրական միաւորն է, բնական Հայաստանը, որ ըստ մարդաբանական նորագոյն տւեալների, հայ ցեղի եւ ազգութեան կազմաւորման բնական միջավայրն է, այսինքն` հայոց յաւիտենական Հայրենիքը:
Բնօրէն սահմանագծւած այս բարձրաւանդակն է Հայոց պատմութեան գլխաւոր թատերավայրը եւ դա է պատկերւում ու զգացւում իբր մեր ամբողջական Հայրենիքը` անկախ ազգագրական պայմաններից եւ ժամանակների քաղաքական սահմանագծումներից: Այս հայրենըմբռնումն արդիւնք է ո՛չ միայն մեր ենթակայական տրամադրութիւնների, այլեւ` բնական գործօնների առարկայական անդրադարձումի-աշխարհագրօրէն ամբողջական երկիրն է պարտադրում օրգանական հայրենասիրութիւն, հայրենիքի յաւիտենական զգացում, հայրենազգացութիւն: Արարատը սրբազան է բոլոր հայերի համար, որովհետեւ դա կենտրոնական բաւիղն է Հայկական Բարձրաւանդակը ձեւացնող լեռների, բնական խորհրդանշանը Հայոց Հայրենիքի ամբողջականութեան:
Այսօր, Պարսկաստանն իր թաթարաբնակ Ատրպատականով երկարում է մինչեւ Արարատ: Թուրքիան արդէն ոտքը դրած Արարատեան դաշտում` սպառնալից կերպով սեղմել է խորհրդային «բեկոր-Հայաստան»-ը: Արաքսի ձախ ափի որոշ կէտերում ռուս զինւորն է պահակում: Թուրքիոյ քաղաքական դրօշի տակ` Հայկ. Տաւրոսն ազգագրօրէն ստացել է զուտ քրտական նկարագիր: Հայկական Պարն ու Ծաղկանցն օրըստօրէ մերկանալով քրտութիւնից` նաեւ ազգագրօրէն ստանում են թուրք-թաթարական կերպարան: Հայկական Կովկասի այլեւայլ մասերում աչքի են զարկում թաթարական ազդեցիկ գծեր: Մեծրանցը ե՛ւ քաղաքականապէս, ե՛ւ ազգագրապէս ստացել է թուրքական դրոշմ: Մեր երկիրը կազմող հինգ լեռնագօտիներից չորսը անցել են թուրքերի ձեռքը, մէկը` վիճելի դարձել հայերի եւ թաթարների միջեւ: Թուրքերը տիրում են մեր բարձրաւանդակի տարածութեան 4/5-երորդականին, թաթարները եւ վրացիները` 1/10-երորդականին: Ազգագրօրէն` Հայկական Բարձրաւանդակը հազիւ իր 1/10-երորդականով պահում է հայկական կերպարան: Այս իրողութիւնները, որքան էլ նշանակալից Առաջաւոր Ասիոյ պատմութեան եւ մանաւանդ Հայաստանի, հայ ազգի գոյութեան, լինել-չլինելու կնճիռի տեսակէտով, այնուամենայնիւ, ի զօրու չեն Հայկական Բարձրաւանդակի բնական միութիւնը պառակտել: Հայկական Բարձրաւանդակը բնական մի միաւոր է, աշխարհագրական անբաժանելի մի ամբողջականութիւն է:
Ճիշդ է նկատում աշխարհագիր Էվալդ Բանզէն, թէ «աշխարհագրական առանձին բնութեամբ մի Քիւրտիստան գոյութիւն չունի», այսինքն` ոչ միայն այսր, այլեւ` անդր-տիգրիսեան լեռնաշխարհը պատկանում է Հայկական Բարձրաւանդակին:
Հայաստանն իրանական եւ փոքր-ասիական աւելի ստորանիստ սարահարթների եւ Միջագետքի, Ասորիքի ու Կովկասի դաշտագետինների միջեւ տարածւած ամենակարկառուն բարձրաւանդակն է:
Հանրածանօթ է սահմանային այս ըմբռնումը, բայց շատ ընդհանուր, վերացական, իրական մանրամասնութիւնների մէջ` չբաւարարող: Ո՞ւր են վերջանում Իրանը, Փոքր Ասիան, Կովկասը, Միջագետքը. ո՞րտեղից են սկսում Հայկական Բարձրաւանդակի բնական սահմանները: Անհրաժեշտ է այս մասին յստակ գաղափար կազմել: Կենսաբանօրէն եւ գործնական քաղաքականութեան տեսակէտից ահագին նշանակութիւն ունի լիազգաց հայրենըմբռնումը: Դա ասել է` նպատակի առարկայական եւ ամբողջական դիմագծումը: Դա ասել է` քաղաքական ուշադրութեան եւ ձգտումների կենտրոնացում: Դա կարող է լոյս սփռել էական այնպիսի հարցերի վրայ, որպիսիք են.
ա) Ո՞րն է բուն մեր Հայրենիքը, որից դուրս այլ «օջախ»-ներ որոնելը բանդագուշանք է միայն, անհայրենազգաց քաղաքաբանութիւն, անստեղծագործ դեգերում, ուշադրութեան եւ կամքի ցրում, անկենսաբանական ցնորք:
բ) Կարո՞ղ է ներկայ Խ. Հայաստանը գոյութեան հաւատ եւ մանաւանդ վտանգի ժամանակ ինքնապաշտպանւելու յոյս ներշնչել:
գ) Հնարաւո՞ր է Հայաստանից դուրս հոգեւոր հայրենիք ստեղծել, անհող պետութիւն:
դ) Բնական ինչպիսի՞ սահմաններում հայերը կարող են իբրեւ ազգութիւն եւ պետութիւն օրգանապէս զարգանալ, այսինքն` տնտեսապէս, քաղաքականապէս, ռազմագիտօրէն յարաբերաբար ապահով դիրք նւաճել:
Հայը նախ ազգակիցներ չունեցող ժողովուրդ է: Եւ հենց դրա համար էլ նա սովորականից աւելի կարիք ունի երկու բանի - ցեղային ներկարողական ոյժերի յարատեւ լարումի եւ բնօրէն ամբողջական հայրենիքի:
Աշխարհագրօրէն ամբողջական որեւէ միջավայրի սահմանները ճշդորոշող հիմնական գործօններն են - երկրաբանական կազմը, լեռնա- եւ ջրագրական դրութիւնը, կլիմայական, կենդանական եւ բուսական առանձնայատկութիւնները:
Հայկական Բարձրաւանդակն իր սեպօրէն իջնող կողերով, իր արտակարգօրէն ցցւած եւ քաոսային երկրաբանական խաւերով, խստօրէն կտրտւած եւ բարձրակարկառ լեռնագօտիներով, մերթ հանգուցաւոր, մերթ միազանգ հրաբխային վիթխարի կոներով, բացառապէս հրաբխային ծագման լճային ցանցով, իր բարձրաւանդակային գետերի անմիապաղաղ - առաւելապէս կատաղընթաց - հոսանքով, աստիճանաբար դէպի արեւելք կամ արեւմուտք խոնարհւող ներքին հովիտներով, դէպի հիւսիս կամ հարաւ երկարող կիրճերով եւ եզերական դաշտերով, իր կլիմայական հակադրութիւններով եւ խայտաբղէտ բուսականութեան (յատկապէս ալպեան) փարթամութեամբ ներկայացնում է բնական բազմազանութեանց իւրայատուկ մի ներդաշնակութիւն:
Հայաստանի բնական սահմանները հասնում են մինչեւ այնտեղ, ուր այս բնորոշիչ ներդաշնակութիւնն աչքի է զարկում:
Կան դժւարութիւններ, եւ դրանք ծագում են այն տեղերը, ուր այս ներդաշնակութիւնը պայմանաւորող բնագծերը կամ աղօտւում են, կամ խառնւում շրջակայ երկիրների բնութեան երանգներին:
Այդ դժւարութիւնները շեշտւում են յատկապէս արեւելքում եւ արեւմուտքում եւ առաջին հերթին պայմանաւորւում են ջրային որոշ երակների ընթացքով: Որեւէ բարձրաւանդակի բնական սահմաններն ամենահատու կերպով որոշում են լեռնաշղթաները եւ գետերը: Նշանակալից է, որ մեր երկրի բարձրագոյն սարահարթը եւ գլխաւոր ջրամբարը տեղագրօրէն նոյնանում են Բարձր Հայքում:
Սակայն, այստեղից բղխող Եփրատն ու Արաքսը հակահոս իրենց ընթացքով Բարձրաւանդակի ներքին մարզում պառակտիչ դեր են խաղում, իսկ դրսից` լրիւ կերպով չեն եզրաւորում նրա սահմանները: Աւելի ապերախտ դեր է խաղում նոյն ջրամբարից բղխող Ճորոխը, որ Սպերի մօտից աստիճանաբար դէպի հիւսիս հակւելով` ի վերջոյ բռնում է շեշտւած հիւսիսընթաց ուղղութիւն եւ դուրս գալիս բարձրաւանդակից, զլանալով Հայաստանին բնական ելք եւ սահմանագծում` Սեւ ծովի վրայ: Շփոթ է ստեղծում ե՛ւ Կուրը, որի աղբիւրները նոյնպէս կապ ունեն Բարձր Հայքի մեծ ջրամբարի հետ: Հայկական մեծ գետերին յատուկ արեւելեան կամ արեւմտեան ընթացքից շուտ խոտորելով` Կուրը շտապում է հակւել դէպի հիւսիս եւ æաւախքը Հայաստանի ու Վրաստանի միջեւ վիճելի դարձնելով` ստանում է զուտ վրացական գետի բնոյթ, ապա թեքւելով դէպի հարաւ` Խրամն ընդունելու կէտից բռնում է ուղղորոշ արեւելեան ընթացք եւ սկսում բնօրէն սահմանագծել Հայկական Բարձրաւանդակի հիւսիսը:
Ուղղընթաց են Հարաւային Հայաստանի (Տաւրոսի) ջրամբարից սնւող գետերը (Արեւմտեան եւ Արեւելեան Տիգրիսներ): Դրանք էլ, սակայն, լրիւ սահմանագծում չեն ընծայում: Արեւմտ. Տիգրիսը, որ կրում է նաեւ «Արղնի ջուր» անունը, վերին հոսանքում բռնում է հարաւահակ ուղղութիւն եւ երկրի բնական սահմանագծման նպաստելու փոխարէն` ներքուստ պառակտում է նրա բնութիւնը: Տիգրանակերտի հարաւից միայն նա ստանում է արեւելեան ուղղութիւն եւ համեմատաբար յաջող կերպով դառնում եզերական գետ, չնայած որ բարձրաւանդակի բնութեան գծերը թափանցում են նրա աջ ափից այն կողմը: Դրա հանդէպ` Արեւլ. Տիգրիսը (æերմ, Բոհդան) վայրագ իր ընթացքով եւ ահռելի կիրճերով պարզապէս կտրում է Հայաստանի բնութեան պատկանող Կորդուաց լեռնաշխարհը եւ դիւրութիւն ընծայում Զաբին եւ սրա օժանդակներին` այդ լեռնավայրը կապել Ասորեստանին կամ վիճելի դարձնել Հայաստանի եւ Միջագետքի միջեւ: Հետաքրքրական է, որ Արեւլ. Տիգրիսին Քսենոփոնը տալիս է «Կենտրիտէս» անունը, որ ըստ Մարքւարտի, ծագում է հայերէն «կտրիչ» բառից եւ համապատասխանում է այս գետի Հայաստանն ազգագրօրէն «կարդուխ»-ների, որով` քիւրտերի աշխարհից կտրող, բաժանող դերին:
Շա՛տ աւելի բարդ է Կապուտան լճի եւ սրա աւազանի պարագան: Մինչ այս լիճը իր երկրաբանական ծագումով պատկանում է Հայաստանին, նրա աւազանի այլեւ այլ մասերում, ինչպէս Աջի գետի հովիտում, յաճախ իրանական բնութեան գծերը շա՛տ աւելի ազդու են: Միւս կողմից նշանակալից է, որ Կապուտանի աւազանի եւ իրանական Ամարդոս գետի (Կըզըլ-Ուզուն) ջրբաժան գօտին կազմող Սոհուն եւ Վազբուշ լեռնաշղթաները միայն բնօրէն յարմար կերպով սահմանագծում են Հայկական Բարձրաւանդակն ընդդէմ Իրանի:
Միւս կողմից իրանական Զագրոսն է իր ցռուկը խրում Կապուտանի եւ Հայկ. Տաւրոսի միջեւ, իսկ իրանական հիւսիսային գօտու բազուկները Գիլան-Մազանդարանից երկարելով` ձգտում են հարաւից հիւսիս կտրել արեւելեան Ատրպատականը եւ հասնել Արաքսի աւազանը: Հենց այս իրողութիւններն են պատճառը, որ Հայկական Բարձրաւանդակի եւ Իրանական սարահարթի սահմանագծումը ա՛յնքան դժւարանում է: Իրականում Ատրպատականը այն մարզն է, ուր Հայկական Բարձրաւանդակի եւ Իրանի բնագծերը զիրար խաչաձեւելով, չէզօքացնում են, եւ իբր փոխանցման գօտի ծառայող այս երկրին` ինքնուրոյնութեան քմահաճոյք պատճառում, որքան էլ նրա խարիսխը կազմող լեռնագօտիներից երկուսը - հարաւից հիւսիս երկարողները - Իրանական սարահարթի երկու պատերի շարունակութիւնն են, իսկ արեւմուտքից արեւելք տարածւող շղթաները` հայկական լեռների մասերը:
Ինչպէս տեսնւում է, ջրագրական իրականութեանց պատճառած դժւարութիւններին միանում են` լեռնագրականները: Եթէ Ատրպատականում իրանական լեռնագօտու հիւսիսային պատը Հայկ. Կովկասին է զարկւում, հարաւայինը` Հայկ. Տաւրոսին, ապա Ճորոխի ստորին հոսանքի եւ Կուրի ակունքների մարզերում էլ իրար են խառնւում Հայկ. Կովկասի, Մեծրանցի, Պոնտեան լեռների եւ Ռիոնի հովիտները հարաւից եզերող շղթաների բազուկները, որոնք որքան էլ երկրաբանօրէն Հայկ. Բարձրաւանդակին խորթ չեն, կլիմայական եւ բուսական առանձնայատկութիւններով, սակայն, տարբերւում են նրանից: Նոյնանման դժւարութիւններ կան նաեւ Եփրատի Փինկեանի ծունկից մինչեւ Ճորոխի շրջանը, ուր Եփրատի եւ փոքր-ասիական Գայլ գետի (Լիկոս) ջրբաժան գօտիները կազմող, Ճորոխի մարզը Պոնտոսից բաժանող եւ Անտիտաւրոսի, Պոնտեան ու Բարձր Հայքի լեռներին պատկանող շղթաները մոլեգնօրէն խաչաձեւում են իրար: Վերջապէս շփոթ կայ Տաւրոսը պատռող Եփրատի եւ Արեւել. Տիգրիսի աւազանի հարաւ-արեւմտեան մասը կազմող մարզի միջեւ, ուր Հայկ. Տաւրոսի հուժկու բազուկները Միջագետքի դռների մօտ` տեղի են տալիս լեռնաբլուրների: Շփոթաստեղծ դեր են խաղում ե՛ւ կիրճերը-բարձրաւանդակի ներքին հովիտների եւ եզերական հարթաշխարհների բնական դռները: Եթէ մի կողմից մեծ գետերը բարձրաւանդակի բնութեան գծերը տանում են դէպի շրջակայ աշխարհները, վերջիններն էլ իրենց նկարագրի որոշ յատկութիւնները հոսանքների հուները կազմող կիրճերի հետ, մխրճում են դէպի երկրի ներքին հովիտները:
Տիգրիսի օժանդակների հետ Միջագետքը իրեն յիշեցնել է տալիս մինչեւ Բաղէշի կոնքը եւ անգամ զգալի դառնում Տարօնի դրան մօտ, Գրգուռի ստորոտը: Տիգրանակերտի դաշտում աւելի ցայտուն կերպով աչքի են զարկում միջագետեան որոշ գծեր, որոնք նոյնիսկ յամառում են մօտենալ Արածանու հովիտներին: Արաքսի ատրպատականեան օժանդակների շնորհիւ, իրանական բնութեան մէկ քանի երանգները թափանցում են մինչեւ Արարատի ստորոտը: Բնորոշիչ է մանաւանդ բարձրաւանդակի կենտրոնական հովիտը, այնքան հետաքրքրօրէն Հայաստանի բնութեան երկու ամենայիշատակելի հրաբխային զանգւածների - Մասիս եւ Արագած - միջեւ ընդլայնւած Արարատեան դաշտը, ուր Արաքսի ակունք Բարձր Հայքի սարաւանդային եւ նոյն գետի ստորին հոսանքը կազմող Մուխանքի դաշտային-անապատային բնութեան գծերը իրար են խառնւում: Աւելորդ է յիշել Կապուտանի աւազանի մասին, ուր հայաստանեան եւ իրանական բնութեանց ազդեցութիւնները, գրեթէ, հաւասարազօր են: Վերջապէս, Կուրի եւ Ճորոխի օժանդակների միջոցով Կովկասի եւ Պոնտոսի անտառային բնութիւնն աւելի քան տպաւորիչ կերպով աչքի է ընկնում Հիւս. Հայաստանի այլեւայլ մասերում, յատկապէս Լոռիում եւ Մեծրանց լեռներում:
Որքան էլ այս իրականութեանց մանրամասնութիւնները խանգարում են բարձրաւանդակի բնօրէն հատու սահմանագծմանը (եւ հենց այդ իրականութիւններն են մեր պատմա-քաղաքական ճակատագրի բնական-առարկայական պատճառները), այնուամենայնիւ, պակաս նշանակալից չեն այն առանձնայատկութիւնները, որոնց շնորհիւ մեր երկիրը իր ինքնուրոյն կերպարանքով զատորոշւում է շրջակայ աշխարհներից: Ծանոթանա՛նք դրանցից մի քանիսին.
Ա) Հայաստանն արտաքուստ կենտրոնացեալ մի բարձրաւանդակ է, սեպօրէն իջնող պատերով, որոնք հսկայ տանիքների պէս կարկառւում են հարաւից Միջագետեան հարթաշխարհի, հիւսիսից` Ռիոն-Կուրի հովիտների դէմ: Իր բարձր դիրքը Հայաստանը շեշտում է նաեւ արեւմուտքում` փոքր-ասիական, արեւելքում` Իրանական Սարահարթերի նկատմամբ: Ըստ այսմ` Հայկական Բարձրաւանդակի սահմանները հասնում են մինչեւ ա՛յն կէտերը, ուր այս ցցւածքը նկատելի է:
Բ) Արտաքուստ կենտրոնացեալ թւացող մեր բարձրաւանդակի լեռները ներքուստ բաժանւում են արեւելքից արեւմուտք երկարող չորս գօտիների, որոնք կազմում են Հայաստանի բնութեան ողնաշարը: Հայաստանը, անառարկելիօրէն, տարածւում է մինչեւ ա՛յն բոլոր կէտերը, ուր հասնում են այս գօտիների բազուկները:
Գ) Երկրի լեռնագրական իրականութիւնների պարտադրանքով Հայկ. Բարձրաւանդակի մայր ջրերակները հոսում են ընդհանրապէս արեւելքից արեւմուտք կամ արեւմուտքից արեւելք: Բոլոր այն վայրերը, ուր մեծ գետերը պահում են այս ուղղութիւնները, անառարկելիօրէն պատկանում են Հայաստանին, իսկ ուր նրանք ստանում են հիւսիսային կամ հարաւային ընթացք, այնտեղ վերջանում է Հայաստանը:
Դ) Դարձեալ, այս մայր գետերի բարձրաւանդակային օժանդակները հոսում են ընդհանրապէս հիւսիսից հարաւ կամ հարաւից հիւսիս: Բոլոր այն դէպքերում, երբ սրանք խոտորւում են այս ընթացքից եւ բարձրաւանդակից իջնելով նաեւ դաշտային ջրերակների բնոյթ ստանում, իրենց այս վերջին հուներում Հայաստանի բնութիւնը դարձնում են կասկածելի լինելու աստիճան աղօտ:
Ե) Գետերը եւ ո՛չ մէկ դէպքում բարձրաւանդակին հարազատ արեւելահակ եւ արեւմտահակ հոսանքով չեն ուղղւում դէպի իրենց աւազանները, որով եւ Հայաստանը չեն առաջնորդում դէպի ծով: Անգամ Արաքսը, որ իր միջին հոսանքում նախ հարաւահակ եւ ապա հիւսիսահակ ընթացքով մի աղեղ է քաշում Հայկական Կովկասի շուրջը, ի վերջոյ անցնում է այնպիսի մի մարզով, որ իր անապատային բնութեամբ, մակերեսի խոնարհութեամբ եւ կլիմայով հակադրութեան մէջ լինելով բարձրաւանդակի հետ, փաստօրէն խանգարում է Հայաստանի բնական ելքը Կասպից ծովի վրայ: Միւս կողմից, Պարխարի հուժկու կողերն իրենց դէմ մաքառող Ճորոխին Հայաստանից դուրս վանելուց յետոյ միայն, կարելիութիւն են տալիս` նետւել Սեւ ծովի գիրկը: Իսկ Հայաստանի բնութեան ամենահարազատ գետ Արածանու ահագին ջրով ուռճացող Եփրատի` Տաւրոսը պատռելու եւ Միջերկրական թափւելու բոլոր փորձերը, իրենց ահռելի կատաղութեան մէջ մնում են ապարդիւն: Իջնելով Միջագետք` Եփրատն իրեն վիճակում է անապատային տխուր գետի, իսկ Հայաստանին` անծով աշխարհի ճակատագիրը:
Հայկական Բարձրաւանդակը, էապէս, բնական ելք չունի դէպի ծովերը եւ հայերը` կարծես մխիթարւելու համար, երկրի մի շարք լճերին տւել են «ծով» տիտղոսը:
Ասւեց, որ Հայկական Բարձրաւանդակի բնական սահմանները հասնում են մինչեւ այնտեղերը, ուր դեռ աչքի է զարկում լեռնա-ջրագրական առանձնայատկութիւնների ներդաշնակութիւնը:
Ըստ այսմ` մեր երկրի սահմաններն են.
Արեւելքից` Արաքսի աղեղը եւ Արաքսի ու Կապուտանի ջրբաժան գծերը (եւ միայն յարաբերականօրէն` Կասպից ծովը եւ Կապուտան-Ամարդոսի ջրաբաշխ գօտին):
Հարաւից` Տիգրիսի, Զաբի եւ Խապուրի ջրաբաշխական գծերը (եւ միայն յարաբերականօրէն` Զաբի աւազանը):
Արեւմուտքից` Եփրատը` Տաւրոսից դուրս գալու կէտից մինչեւ Պինգանի ծունկը եւ այստեղից` Եփրատ, Ալիս, Գայլ եւ Ճորոխ գետերի ջրաբաշխական աղեղնագիծը (եւ միայն յարաբերականօրէն` Եփրատի Պիւռամոսի ջրբաժան գիծը):
Հիւսիսից` Ճորոխի, Ռիոնի եւ Կուրի ջրբաժան մարզը, Խրամ գետը եւ սրա Կուրին միանալու կէտից, այս վերջին գետը:
Հայկական Բարձրաւանդակը, լայնագոյն իմաստով, այսինքն` յարաբերականօրէն իրեն պատկանող մարզերով, ունի շուրջ 380,000 քռ. քլմ. տարածութիւն:
Բուն բարձրաւանդակը, այսինքն` այն երկիրը, որ յաւելւածական մասերի կտրումով կրկին կը պահէ բնական իր ամբողջականութիւնը, տարածւում է Տաւրոսը կտրող Եփրատի, Հայկ. Կովկասն աղեղող Արաքսի, Ճորոխի, Զաբի, Կապուտանի աւազանի, Կուրի եւ զոյգ Տիգրիսների միջեւ:
Սա է հայոց բնօրէն անհատանելի եւ յաւիտենական Հայրենիքը, լեռնագրօրէն համախմբւած Արարատ կենտրոնական բաւիղի, ջրագրօրէն` սրա բազուկները հանդիսացող գօտիների աղբիւրների (առաւելապէս Բարձր Հայքի ջրամբարի) շուրջը:
No comments:
Post a Comment