Մեր շատ մեծեր, սկսած Մովսես Խորենացուց, փորձել են նկարագրել մեր ինքնությունը: Իմ վրա ամենամեծ հետքը թողել են Շիրվանզադեի նոթերը, որոնցում նա նկարագրում է իր այցելությունը Իգդիրի գավառի գյուղերից մեկի եռալեզու գրագետ, բայց մի քրդից կոտորվող հայությանը, մյուսում նկարագրում է Բաքվի նավթային գործին առնչված նորը բացասող ու ավանդականին կառչած հայությանը, մի այլում՝ հին, բարալիկ գերեզմանաքարերը նոր հանգուցյալ տերտերներին հարմարեցնելու ավանդույթը նկարագրող լոռեցի տերտերին:
Ես էլ, տարիքս առնելուն զուգընթաց փորձել եմ հասկանալ մեզ, ինքս ինձ: Ըստ առկա բոլոր օբյեկտիվ տվյալների՝ շարքային եմ: Եվ որևէ հավակնություն, առավել ևս պատվախնդրություն չունեմ սույն քննարկումով մտնելու մեծերի իմաստուն ժառանգության ասպարեզները: Բայց քանի որ մեր ազգային, պետական ու հանրային բոլոր վեկտորները արագորեն գահավիժում են, անհրաժեշտ եմ համարում մեր ինքնության առանձնահատկությունների խորքային քննարկումը հենց ներկա հայության կողմից: Ես վերջնական լուծումներ առաջարկողը կամ, առավել ևս, իրացնողը չեմ: Ես մասնավոր կարծիք եմ ներկայացնում՝ ընդամենը, ոչ ավելին:
Մեր մամուլը, լրատվությունը և անհատական շփումները նկարագրում են մեր առօրյան, բայց չեն վերլուծում այն: Լավագույն դեպքում մենք սահմանափակվում ենք «դե ազգ չենք էլի» հայտնի եզրահանգմամբ ու դրանով ավարտում ասելիքը: Բայց երբեք չի հետևում ակնհայտ հարցը- «Լավ, բա ինչու «ազգ չենք» ու ոնց անենք, որ «ազգ դառնանք»:
Իմ ստորև ներկայացվող մտքերով ես փորձելու եմ տալ այդ «ինչուի» իմ սուբյեկտիվ պատասխանները:
Նախապես ներողություն եմ խնդրում այդ հարցն ի սկզբանե մերժողներից: Ես գիտեմ, որ առնվազն 40-50 տոկոս հայություն գերագույն կարծիքի է մեր ինքնության ու որակների մասին և պատրաստ է ինձ մեղադրել դավաճանության ու խառնակչության մեջ: Կխնդրեի այդպիսիներին հանդուրժել այդ հարցով ինձ և հնարավոր այլ այլախոհների:
Նախադրույթներ
1. Ըստ եղած բոլոր օբյեկտիվ նկարագրերի, մենք պատմականորեն պարտված և հիմա էլ պարտվող ազգ ենք:
Ապացույցները
ա. Անցյալում ունեցել ենք այժմյանից շատ ավելի ծավալուն և հզոր պետականություն, բայց կորցրել ենք այն:
բ. Գենոցիդի հետևանքով կորցրել ենք ազգի կեսին, բայց չենք կարողացել վրիժառու լինել, կամ որևէ փոխհատուցում ստանալ: Ներկայում էլ չունենք միասնական կարծիք ու մոտեցումներ, թե ինչ դիրք պետք է ունենանք և ինչ պետք է արվի այս ուղղությամբ: Դիրքորոշումները տատանվում են քիրվայականությունից ու ֆուտբոլից սկսած մինչև Բաքուն ու Ստամբուլը արյան մեջ ողողելու երազախաբությունները, բայց ռացիոնալ ու տրամաբանական պետական-սուբյեկտային մոտեցումները առկա չեն:
գ. Ղարաբաղյան պատերազմ ենք շահել, բայց արտաքին հաղթանակը տանուլ ենք տալիս ներքին թուլություններին:
դ. Հետսովետական տարածքում հարաբերական ամենամեծ արտագաղթը ցուցաբերած էթնոսն ենք: Հայկական սփյուռքը 3-4 անգամ մեծ է Հայաստանում բնակվողների քանակից: Արտագաղթը շարունակվում է ահագնացող դինամիկայով:
ե. Դատարկվող երկիրն ապրում է մի քանի հոգու կամքին ու շահին հպատակված, և որևէ ձև չի գտնվում այդ ներքին այլանդակին դրության տերը լինելու լծակներից հեռացնելու հարցերում:
զ. Չկա պատասխանը, թե ինչու է վերարտադրվում միայն վատը, ամենալպիրշը, ամենազազրելին և ինչու իշխանություն մտած մի շատ մեծ՝ իրեն որպես նորմալ համարող հատված, ուժ չի գտնում նորմալը սերմանելու, այլանդակի դեմն առնելու համար:
է. Չկա հարցի պատասխանը, թե մոտավորապես մեր, իսկ պարտությունների հետևանքով նույնիսկ ավելի վատ վիճակում գտնված Վրաստանը ինչպես է կարողացել արդեն տանելի, օրինավոր ոստիկան ու դատավոր կերտել, ազգային նպատակներ ներդնել իր պետության առանցքներում, իսկ մենք դեգերում ենք շատ վատի ու ամենավատի արանքում:
2. Պարտության նախապայմանները կոդերի ձևով ներդրված են մեր հանրային մտածելակերպի մեջ: Հենց այդ կոդերն են մեզ տանում հերթական պարտության:
Ապացույցները /Սահմանափակվենք միայն վերջին 20 տարիների փաստարկներով/
ա. Այս տարիներին որևէ մեկի կողմից գործուն ձև, մեխանիզմ կամ ռազմավարություն չի առաջարկվել վայրընթացը կասեցնելու համար:
բ. Ազնվորեն չեն նկարագրվել վիճակի խորքային դրվածքները՝ առկա սուբյեկտներով, նրանց նպատակայինով, շահայինով ու պոտենցիալներով:
գ. Սկսած 1991-ից, անկախացման առաջին իսկ օրվանից, դրված է եղել միայն իշխանություն վերցնելու խնդիրը «վատ ցար, լավ ցար» մոդելի շրջանակներում: ԵՎ նույնիսկ այդ մոտիվով տարված բոլոր ընտրությունները սկսած 1995-ից կեղծվել են:
դ. Ընտրական պարտությունները դաս չեն եղել նորովի մտածելու ու գործելու համար: Չեն գեներացրել որևէ նոր միտք, առաջ չեն մղել նոր որակի գործուն լիդերի, որը կասեր՝ թե լավ, իշխանությունները միշտ նորանոր ձևերով ու լկտիությամբ իջեցնում են ընտրական ստանդարտների նշաձողը և արդեն բացահայտ արյամբ են պահում իշխանությունը: Արդյոք ադեկվատ է շարունակել պարտության դատապարտված ընտրական պայքարի մինչ այժմ ընդունված, անփառունակ ու երկիր հյուծող, կործանող ձևը՝ միտինգը: Ես գնալու եմ հնից տարբերվող այս-այս ձևերով, և ով հավատում է, թող հետևի ու օգնի ինձ:
Փոխարենը, ամեն նոր եկած խճճվել է հենց ավանդականի մեջ և մատնվել պարտության, որովհետև տեսադաշտում միայն միտինգային, կամ առնետավազքի վրա հիմնված ծրագրեր են եղել:
ե. Մեր ազգային արժեքայինը մեծ տեղ է տալիս փրկիչին, սկսած Սասունցի Դավիթից, որը իբր միայնակ պետք է կոփի հաղթանակը և նվիրի մեզ:
զ. 1996-ի նախագահական ընտրություները միակն էին, որոնք հիմնված էին ոչ թե փրկիչի գաղափարի վրա, այլ եղածից զզվածության ու հետագա անհանդուրժողականության վրա: Բայց փողոց հանված տանկերն ու բանակը ժողովրդի մեջ փշրեցին պետական մեքենային ուժով հակադրվելու նոր-նոր արթնացած կամքը: Այնուհետ կայացած բոլոր նախագահական ընտրություններում մեր հույսը նորից «փրկիչն» էր:
Սկզբում նոստալգիկ սովետական Դեմիրճյան հայրն էր, հետո հոր տղան, հետո երկրի հիմքերը առաջինը սասանած, չարյաց իբր փոքրագույն՝ նախկինը, որի առնետավազքով իշխանություն վերցնելու գաղափարն ապշեցուցիչ կերպով հուսադրող էր ընկալվել մարդկանց կողմից:
Մեր՝ միայն փրկչի հույսին լինելու ֆենոմենի մյուս ապացույցը դա խորհրդարանական ընտրությունների հանդեպ բացարձակ անհետաքրքրությունն է: Իհարկե, համաձայն մեր պատկերացումների, խորհրդարանն իր 131 անդամով փրկիչ չէ ու չի կարող լինել: ԵՎ հենց միայնակ փրկիչի գաղափարն էր, որը խորհրդարանականի ճամփա բացեց մեր միջի ամենատականքին: Այսօր այդ խորհրդարանն ու գործադիր իշխանությունը ձեռք ձեռքի ու որպես եկու ոտք, համագործակցում են երկիրն ավիրելու հարցում:
3. Մենք չունենք սեր ու հարգանք հանդեպ մարդկայինը, փիլիսոփայականը և թերագնահատում ենք փիլիսոփայական միտքն ու հայացքը հանդեպ մեր շրջապատը:
Ապացույցները
ա. Մենք ունենք միջանձնային բացասականը ընդհանրացնող ու նկարագրող շատ արժեքավոր ազգային ասացվածքների մի մեծ շտեմարան: Մեր ամեն մի ասացվածքը մի մարգարիտ է այս առումով: Երևի ողջ մարդկությունը չունի ստորն ու մարդկային վատը նկարագրող այն դիապազոնը, որն ունենք մենք: Բայց միաժամանակ մենք ամեն մեկս առանձին առանձին մեկուսացնում ենք մեզ՝ մերինից: Շատ ավելի հաճախ՝ նույնիսկ անսպասելի անեկդոտի ձևով /օրինակ, Հայ ե՞ս: Բա ինչի համը չես հանում/:
բ. Մեր «էլիտար» միտքը հաճույքով ու խորին բավարարվածությամբ է ընթերցում այլոց մեծերի մտքերը, ցիտում ու մեծամտորեն ինքն իրեն զատում մեր ու մարդկային միջինից: Բայց չի տեղայնացնում իրեն Հայաստանյան իրականության կտրվածքների վրա:
գ. Իր պատկերացումներում հայը ամենից խելոքն է /որպես ունիվերսալ ստանդարտ ընդունված հրեաներից էլ խելոքը/, բայց՝ բախտը չբերածը: Օբյեկտիվությունն իսպառ բացակայում է ինքներս մեզ ու այլոց գնահատելու ու համեմատելու հարցում:
Իրոք, եթե ես արդեն իսկ ամենախելոքն ու լավն եմ, էլ ինչի ավելին անեմ: Ու որպես հետևանք՝ հայը կեղծ դիպլոմ է գնում, կեղծ ուսուցման է գնում: /Դե ինքը ամեն ինչ գիտի, իրեն կրթվել պետք չէ, իրեն ընդամենը թղթի կտորն է պակասում, բա արժե դրա վրա ժամանակ կորցնել կամ ջանք թափել/:
Կեղծ աշխատում է, կեղծ ծառայում իրեն ու իր երկրին ու հաճախ նաև հենց իր ընտանիքին:
դ. Համատարած այս անհամատեղելիությունը՝ մեր իրական գիտելիքի, պոտենցիալների ու օբյեկտիվորեն անհրաժեշտի մեջ, մեզ պահում է մշտական տետանուսի ու լավատես հեռանկարի մեջ՝ մենք խելոք ազգ ենք, մեր մտավոր ու մարդկայինը աշխարհի լավագույններից է, մենք ինֆորմացիոն ու նորագույն տեխնոլոգիաներով ու բանիմաց ուղեղ աշխատեցնելով հեսա սարեր շուռ կտանք:
Խոսում և հուսադրվում ենք հենց այս ինքնակեղծիքի մթնոլորտում, չնայած արդեն վաղուց գիտենք, որ դա այդպես չէ:
ե. Մեզանում վերացած է ներկան և մատուցվում է միայն ապառնին: Սոցիալիզմը պարտվեց հենց այդ պատճառով: Նա ներկայի վատը արդարացնում էր շողշողուն ապագայի տեսլականով: Մարդիկ ոչ թե կերտում էին ապագային հասնելու համար, այլ սպասում էին: Ու արդյունքում տեղ չհասան:
Բացարձակ նույնն էլ հիմա է:
Իհարկե, թշվառության մատնվածի հրաշքով վերակենդանալու այս հույսը հասկանալի է ու հարգելի: Կրթություն չստացածը, մի կերպ օրվա հացը հայթայթողը կարող է անտեղյակ լինել իրական, խորքային վիճակից, բայց իրեն էլիտար-սերուցքային համարող մեկը ուղղակի իրավունք չունի իրեն ու այլոց ոչ օբյեկտիվորեն չգնահատելու:
Եթե ոչինչ չարտադրող Հայաստանի իշխանավորը հոխորտում է վաղվա մեծ ծրագրերով, ապա էլիտար անհատն էլ պարտավոր է մեկնաբանելու, որ այ բառադի, մեկը ես՝ էլիտար մասնագետս, էս-էս էս հարցերում համաշխարհայինից 10-20 տարի հեռու եմ, դու էդ ո՞ւմ հույսին էս մեծ-մեծ բրդում:
Ներհայաստանյան մասնագետը որպես կանոն հրապարակավ չի խոստովանի նման բան: Շատ հաճախ նկատվում է հակառակը, թե դա շատ էլ հնարավոր է՝ բայց պայմանով, որ իշխանության գա հենց ինքը, կամ հենց իրեն տրվի պաշտոնը: Մարդկանց մեջ վերացած է մասնագետի ազնվությունը և մասնագետ լինելու անհրաժեշտության գիտակցությունը:
ԵՎ արդյունքում, գիտելիքի պակասը երկիրը պահում է պատանդ՝ տգետի ձեռքում: ԵՎ տգետներն էլ հենց հրապարակում են, իրենց հեքիաթային, անիրական, բլեֆ լուծումներով ու տգիտության հետագա քարոզով:
Ներքին քաղաքականում առնետավազքն է լուծումը, արտաքինում՝ Ռուսաստանին, կամ արևմուտքին կառչելը: Տնտեսության մեջ՝ չեղած մտավոր պոտենցիալն ու մեզանից շատ հեռու նորագույն տեխնոլոգիաները: ԵՎ որպես այս հեքիաթի արդյունք էլ, բնականորեն արդարացվում է հանրության համբերատար, աստիճանաբար դզվելու անիրական հույսը:
Ովքեր էլ չեն հավատում հեքիաթին՝ արտագաղթում են:
զ. Փաստորեն ներկայում մեզանում բացակայում է արժանապատիվ ազգայինը- պետականը-անձնականը ունենալու կամքը: Եվ զարմանալիորեն, մի կողմից ունենք Ղարաբաղում հաղթանակած հպարտ հայ, իսկ մյուս կողմից՝ ներքին տականքին պարտված հայաստանցի: Մեզանում համատեղված է անհամատեղելին՝ արտաքին շատ ավելի հզոր ու կազմակերպված թշնամի հաղթողն ու ներքին մի քանիսի դեմ պարտված շարքային անհատը:
Այս տարօրինակ արդյունքի հիմքը հասկանալը մեր ամենակարևոր խնդիրն է: Որովհետև անհերքելի փաստ է, որ պետության արտաքին հաջողությունները ներքինի վրա հիմնված ու նրանով պայմանավորված դրվածքների շարունակությունն են:
Իմ կարծիքով, ղարաբաղյան հաղթանակը դեռ սովետի օրոք կուտակված ու որպես ազգային կամք ձևավորված պոտենցիալն էր, որը ուղղվեց արտաքին թշնամու դեմ: Իսկ ներքին քաղաքականում մենք չունենք հակառակորդի գաղափարն իսկ՝ բոլորս իբր հայ ենք, բոլորս իբր մի օրի ու իրար նեցուկ ու օգնական: Ապագայի լուծումներ էլ չեն բյուրեղանում որպես սկզբունքային ներքին անողոք պայքարի անհրաժեշտություն:
Եղած նախապայմանների համադրումով ես հանգում եմ հետևալ եզրակացություններին:
4. Ներհայաստանյան ընթացող գործընթացներում ներառված տարբեր սուբյեկտներն ու ֆակտորները գործում են եղած հանրային աշխարհայացքային- արժեքայինի դաշտում: Նրանք ոչ ավել են, ոչ պակաս, ոչ էլ ոչ բնորոշ: Նրանք մեր հանրության իշխանական կերպի արտացոլումն են: Մենք ապրում են Ребята, давайте жить дружно Լեոպոլդ կատվի լոզունգով, երբ ակնհայտորեն ոչ բոլորն են կատու և ոչ բոլորն են համերաշխության կողմնակից:
Հանրային-արժեքայինն ու անհատական–դերայինը ենթակա են փոփոխման ժամանակի մեջ, բայց նաև մշտական սուբյեկտային ու դինամիկ հարաբերությունների մեջ են:
Օրինակ, սկզբից անհատական-դերայինը թույլ տվեց, որ 96-ին պարտվածը բաժակ շրխկացներ՝ նույնիսկ 100 տոկոսն էլ ոտնահարելու ու պետությունը որպես իր հոր բոստան վարելու մասին հոխորտար ու տանկեր հաներ փողոց: Իսկ հետո, արդեն հենց այդ նախադեպը գրանցվեց որպես նոր հանրային –արժեքային՝ ու գողականը իր ձեռքը վերցրեց պետությունը, սահմանելով էլ առավել զազրելի նոր արժեքային:
99-ին, այս ամենի հիմնադիրը իր կյանքով հատուցեց կատարածի համար, բայց ստեղծված նոր հանրային-արժեքայինն արդեն ընդունակ չէր օբյեկտիվորեն գնահատելու կատարվածը: Հատուցումը մատուցվեց ու խաղացվեց որպես նոր ու մեծագույն հանցագործություն, որը հաճույքով ընդունվեց հանրության կողմից:
Այսինքն հերթական անգամ, ընդհանուր պատճառահետևանքային քաղաքական, հանրային պատկերի քննարկման փոխարեն մենք ընկանք միայն ու միայն գործող սուբյեկտների շահայինի գիրկը, բացարձակապես մոռանալով տրամաբանականը: Սա է մեր ներկա արժեքայինը՝ մակերեսային, գողականին հարմարեցված սկզբունքներ ու դրանով սահմանափակված շարքայինի աշխարհայացք:
Արդեն 20 տարի է, ներհայկական ամբողջ կյանքը խաղ է մի քանի մարդկանց համար և նրանց շուրջ: Ոչ մի նոր անհատ չի կարողանում ճեղքել այդ շրջանը և նոր մոտեցումներ ու նոր հարթակ ձևավորել: Որպես գործելաոճ ընդունված է միտինգը և մերժված, տաբուի տակ է դրված հարցը՝ թե ինչ ուժի տեր է այդ միտինգը, եթե նրա պատասխանատուն արգելում է որոշակի սահմանի հատումը: Ցանկացած կոնֆլիկտ ունի էսկալացվելու միտում: ԵՎ եթե կոնֆլիկտի մեկ կողմը նախապես հայտարարում է իր վճռականության սահմանը, ապա դիմացինի մեկ ավել քայլն իսկ արդեն ապահովում է հաղթանակը: Այսինքն սահմանափակ գործիքադարանով միտինգն ի սկզբանե պարտության մեխանիզմ է:
Ի վերջո, ոչ մարդկային փորձը և ոչ էլ որևէ հայ տեսաբան ու փրկիչ դեռ չի հիմնավորել, որ ավազակապետություն հռչակված երկրում սահմանադրական պայքար տանելը որևէ ադեկվատություն ունի:
Մենք ականատես ենք մի տարօրինակ երևույթի՝ բազմաթիվ անգամ նույն սցենարով պարտությունները ոչ մի ուսուցողական, հետևանքային ուժ չեն ունեցել հայ հանրության վրա: Մարդիկ շարունակում են գալ միտինգի, հավաքվել, գոչել, ընտրել, խաբվել, պարտվել, զոհեր տալ, գնալ տուն ու հեռանալ հայրենիքից:
Ռուսների ասած, մենք շարունակաբար նույն փոցխը ոտնակոխելով մեր ճակատին ենք զարկում, բայց ոչ մի եզրակցության չենք գալիս:
Ու այդ ընթացքում էլ հայ էլիտարը մնում է իր «օլիմպում»: Հանգիստ, հանդարտ, խիստ ինքնագոհության քողի տակ շարունակում է մեծ-մեծ ճամարտակելը աշխարհի մեծամեծների ֆոնին ինքն իրեն զետեղելով:
Դժվարանում եմ ճշգրտորեն բնութագրել, թե ինչ է սա: Երևի կուտակված կենսաբանական-ազգային իմաստություն է՝ փրկելու սեփական անձը հանրայինից զատ: Մյուս կողմից էլ, եթե այդպես է, ապա եկեք բոլորովս պայմանավորվենք, որ էլ չենք քննարկում հայկական որևէ հարց՝ սկսած պետականից, վերջացրած ազգայինով: Ես լիովին համաձայն եմ նման մոտեցմանը՝ եթե մենք պարտված ենք ներքուստ, ու համակերպված ենք դրան, ապա գոնե շարունակվենք որպես անհատներ:
Բայց այդպես չէ, չէ՞: Հայ մամուլը, հայ մասս մեդիան կարդալն է նույնիսկ դժվար, այն լցված է ֆաշիզմի հասնող ազգայինով: Մի այլ հայի հետ ցանկացած խոսակցություն իսկույն հանգեցնում է հայաստանյան հարցերին:
Երևի այսպես էլ անորոշ կշարունակվի:
Իմ հետևությունն այն է, որ.
5. Մեր ամեն ազգակիցը ուժ և օբյեկտիվություն ունենա դիմացինին ճշմարիտ գնահատելու և հարգելու: Ամեն մեկս մեր ունակությունների ու պոտենցիալների տերն ենք: ԵՎ ոչ մեկը թող չկարծի, թե ինքն ապրիորի առավել է:
6. Մեկը, որը իսկապես մասնագետ է մի հարցում, թող փորձի մյուսին իր իմացածը բացատրի ու մատուցի՝ դարձնելով այն գոնե նախնական գիտելիք դիմացինի համար:
7. Հրապարակային դեմքերի արածի ու չարածի, նրանց ով լինելու, դեմ կամ կողմ քննարկումները ոչ ոք իրավունք չունի վերածելու անձնական վիրավորանքների ու դիմացինին նսեմացնելու գործիքի:
8. Լուրջ քննարկման առանցքը պետք է գիտելիքի վրա հիմված լինի, այլ ոչ թե էմոցիաների կամ կուսակցականության: Քննարկման ժամանակ պետք է մի կողմ դրվի կուռք փնտրելու մեր մոլուցքը կամ էլ հակառակը, ամենագետի վերամբարձ կեցվածքը:
Այսօր 20 տարեկան, միտինգի դրոշակ բռնող ու կուռքին նվիրված մեկը առանց տատանման իր պապու հասակի մյուսին կարող է ամենավերջին հայհոյանքով շշպռել: Սա գողականից էլ բեթար է:
9. Լավ կլիներ, եթե սփյուռքում արևմտյան ստանդարտներով տառաճանաչ դառած մեր հայրենակիցները գոնե մի աստիճան իջնեին իրենց բարձունքներից ու մահկանացուներիս հետ հարաբերվելիս մնային պատշաճի սահմաններում:
10. Հայաստանի քաղաքացին պետք է վերջացնի փրկիչ փնտրելու իր հին գործելաոճը, հանգիստ վերաբերվի նոր ստեղծվող ցանկացած քաղաքական ու հասարակական սուբյեկտի գոյությանը: Հասկանա, որ իշխանական մեծ պոտենցիալների դաշտում ինքն ընդամենը վաճառվող ձայն է, եթե նվիրված ու կանխատեսելի հեզ հետևորդ է մեկ ուրիշի: Քաղաքականությունը շահերի ասպարեզ է, և չի կարելի մտնել նրա մեջ՝ միայն ուրիշին սպասարկելու համար:
11. Մարդիկ պետք է գնահատեն իրենց ձայնը՝ տրված թե իշխանությանը թե ընդիմությանը, և որ առավել կարևոր է՝ տրված իրենց սրիկա բարեկամի խաթեր:
Այդ ձայնը 5000-ը չէ, այն միտինգի մասնակից լինելը չէ: Այն բարեկամի խաթրն էլ չէ: Այն ապագա է, և երկրի ապագա, Հայաստանի լինել-չլինելու ապագա: Ընտրողը պետք է հասկանա, որ ընդիմություն-սրիկա բարեկամ– իշխանություն շարքում, առաջինը, որին պետք է մերժել, դա սրիկա բարեկամն է: Հենց նա է մեր դժբախտությունների ակունքը, արմատը, պատճառը: Եկեք չզիջենք հենց այս առաջին օղակին, ու մնացածը կմնան օդում:
Բայց այդ գիտակցությանը հասնելու առաջին նախապայմանը հայ ինտելիգենտիկի, մտավորականի, իրեն հանճարեղ համարողի համեստացումն է և առաջին հերթին հենց նշված առաջին քայլի կարևորության գիտակցումը:
Նորանշանակ ոստիկանապետը մի հզոր միտք էր հայտնել՝ «Դուք կույս երբեք չեք եղել, պարոնայք պոռնիկներ, երբեք չեք էլ լինելու»:
Այլ ձևակերպմամբ, բայց էությամբ նույնատիպ մի միտք էլ լուսահոգի Ռաֆայել Ղազարյանն էր հայտնել մեր մտավորականության մասին:
Ինչևէ, ես դեռ մեկ տոկոսանոց շանս եմ տեսնում վերակենդանացման: Եվ այդ շանսի պահանջով կոչ եմ անում՝
- Եկեք հանդուրժենք միմյանց և համագործակցենք, իրար մերժելու փոխարեն:
- Եկեք մեր կուտակած գիտելիքը չափենք ոչ թե պապենականի, այլ ներկա- մարդկայինի համեմատ:
- Եկեք օգնենք միմյանց համատեղ ուղի գտնելու, այլ ոչ թե խորտակենք իրար որպես տարբեր ակնոցակիրներ կամ տարբեր տերերի ծառաներ:
- Եկեք նոր, դատարկ էջից սկսենք, որի վրա հնում դիրքավորվածները մեզ հավասար են և մենք էլ իրար հավասար:
- Եկեք արժանին մատուցենք իսկապես արժեքայինին, այլ ոչ դոգմային:
- Եկեք հարգենք ժամանակակից աշխարհը, ժամանակակից մարդուն, ժամանակակից արժեքներն ու իրավունքները, կնոջն ու տղամարդուն, երիտասարդին ու տարիքավորին որպես հավասարի:
- Եկեք համատեղ մտավոր ճիգերով ու միջոցներով հասարակական հարթակ բարձրացած տգետին ցույց տանք իր տգիտությունը, բայց չտարածենք դա կողքինի ու շարքայինի վրա՝ նա ազատ է տգետ լինելու և այդպիսին մնալու:
- Եկեք սատարենք, «աճեցնենք» մեզանից առավել օժտվածին, երիտասարդին, առաջնորդ դառնալու ընդունակին՝ քաղաքական հարթակ բարձրանալու և առաջնորդելու:
- Եկեք վեր կանգնենք անձնական ճղճիմից, երկիրը համակած գորշությունից, ու ելքի տանող ճանապարհը կգտնվի ինքնըստինքյան:
No comments:
Post a Comment